Մատչելի հղումներ

Ռուսաստանը չափազանցնում է Չինաստանի աջակցությունը


Չնայած այն հանգամանքին, որ Պեկինը չի աջակցում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում և շատ հարցերում չի սատարում Մոսկվային, Կրեմլը հայտարարում է, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունները գտնվում են «լավագույն ժամանակաշրջանում»

Ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 3-ին, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Չինաստանը լիովին համամիտ է, թե ինչպես է Ռուսաստանը «պաշտպանում իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը».

«Ռուս-չինական համագործակցությունն իր պատմության լավագույն շրջանն է ապրում, երկկողմ հարաբերությունները բնորոշվում են որպես համապարփակ գործընկերություն և ռազմավարական փոխգործակցություն։ Դրանք կառուցվում են փոխադարձ վստահության, քաղաքական ավանդույթների նկատառման, միմյանց հիմնարար շահերին առնչվող հարցերում փոխադարձ աջակցության ամուր հիմքի վրա։ Խոսքն առաջին հերթին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության մասին է»։

ՌԴ փոխարտգործնախարարի այս մոլորեցնող պնդման մասին պատմում է «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Նախևառաջ, Չինաստանը չի սատարում Ռուսաստանի տարածքային հավակնությունները մասամբ օկուպացրած ուկրաինական հինգ շրջանների, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ։ Պեկինը Ռուսաստանին զենք չի տրամադրել Ուկրաինայի հետ պատերազմում և ստիպված է եղել մասնակիորեն մասնակցել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։

Չինաստանը և ռուսական բռնակցումները

2014 թվականի փետրվարին Ռուսաստանը օկուպացրեց Ուկրաինայի Ղրիմի թերակղզին, և ուկրաինական օրենսդրությամբ անօրինական ճանաչված հանրաքվեից հետո Կրեմլը հայտարարեց Ղրիմը Ռուսաստանի տարածք։

2014 թվականի մարտի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց բանաձև Ղրիմում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որը նախատեսված էր հաջորդ օրը՝ մարտի 16-ին, և հաստատեց «Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը»։ Խորհրդի տասնհինգ անդամներ կողմ են քվեարկել այդ միջոցի կիրառմանը։ Ռուսաստանը հանդես է եկել դեմ, իսկ Չինաստանը՝ ձեռնպահ։

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց, «որով պետություններին կոչ էր արվում չճանաչել Ղրիմի տարածաշրջանի կարգավիճակի փոփոխությունները»։ Հարյուր երկիր սատարեցին բանաձևը, Ռուսաստանը և 10 այլ երկրներ մերժեցին այն, իսկ Չինաստանը ձեռնպահ մնաց ՄԱԿ-ի 57 այլ անդամների հետ միասին։

2021 թվականի ապրիլի 16-ին Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը Facebook-ում գրել է, որ Չինաստանի իր պաշտոնակից Լե Յույչենը հաստատել է, որ Չինաստանը շարունակում է ճանաչել Ղրիմը՝ որպես Ուկրաինայի մաս.

«Կարևոր. ՉԺՀ կառավարությունը չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի Ինքնավար Հանրապետության բռնակցման փորձերը և Չինաստանի կենտրոնական և տարածաշրջանային իշխանության մարմինների ուշադրությանն է ներկայացրել օկուպացիոն իշխանությունների հետ շփումների արգելքի մասին տեղեկությունները»։

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսեց լայնածավալ ներխուժում Ուկրաինա՝ լրջորեն սրելով 2014 թվականին ուկրաինական Դոնբասում սկսված հակամարտությունը։ Միջազգայնորեն մերժված հանրաքվեներից հետո Ռուսաստանը սեպտեմբերին հայտարարեց, որ միացրել է Ուկրաինայի մասամբ օկուպացված Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի չորս մարզերը։

2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց, որով կոչ էր արվում երկրներին չճանաչել Ռուսաստանի հանրաքվեները և ուկրաինական չորս մարզերի բռնակցման անօրինական փորձերը։ Այդ բանաձևի օգտին քվեարկել են 143 անդամ պետություններ։ Ռուսաստանը քվեարկել է դեմ, ինչպես և չորս այլ ավտորիտար պետություններ՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Սիրիան։ Չինաստանը և 34 այլ երկրներ ձեռնպահ են մնացել։

Չինաստանը և զենքի պակասը Ռուսաստանում

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր Պեկինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվային զենք չի մատակարարում և չի մատակարարի։ Այս դիրքորոշումը շատերը կապում են Չինաստանի վրա ԱՄՆ-ի ճնշման հետ։

2022 թվականի մարտի 17-ին՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսահանդիպման նախօրեին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից Սիին ուղղված գլխավոր ուղերձներից մեկն այն կլինի, որ Միացյալ Նահանգները «կպատժի» Չինաստանին, եթե Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերի Ռուսաստանին։

Երկու առաջնորդների տեսազանգից երեք օր անց ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը կտրականապես հերքեց, որ Չինաստանը ռազմական օգնություն է ցուցաբերելու Ռուսաստանին։

«Ապատեղեկատվություն կա այն մասին, որ Չինաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին», ասել է նա CBS News-ի «Face the Nation» ծրագրի եթերում։

«Մենք դա մերժում ենք։ ... Ոչ զենք, ոչ զինամթերք [մենք չենք մատակարարում] կողմերից և ոչ մեկին, և մենք դեմ ենք պատերազմին, ինչպես արդեն ասացի, դուք գիտեք, մենք ամեն ինչ անելու ենք ճգնաժամի դեէսկալացիա [սկսելու] համար»։

Հունիսի 30-ին Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ անանուն բարձրաստիճան ներկայացուցչի, հաղորդել է, որ ԱՄՆ-ն չի արձանագրել, որ Չինաստանը խուսափում է պատժամիջոցներից կամ զենք մատակարարում Ռուսաստանին:

«Չինաստանը նյութական աջակցություն չի ցուցաբերում», լրատվական գործակալությանն ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։ «Մենք փաստեր չունենք, որ [Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը] հետևողականորեն խուսափում է կամ ռազմական տեխնիկա մատակարարում Ռուսաստանին»։

ԱՄՆ պաշտոնատար անձանց տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Պեկինը նյութական աջակցություն չի ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Չինաստանը և Ռուսաստանի վրա ճնշումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար

Քանի որ արևմտյան խոշոր տնտեսություններն արձագանքեցին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը աննախադեպ համակարգված պատժամիջոցներով, Չինաստանը և Հնդկաստանը դարձան ռուսական նավթի հիմնական գնորդները։ Արդյունքում Ռուսաստանն առաջ անցավ Սաուդյան Արաբիայից՝ որպես Չինաստանի հում նավթի հիմնական մատակարար։ Սակայն Reuters գործակալությունը, վկայակոչելով առևտրային աղբյուրները, հայտնել է, որ չինական նավթավերամշակման գործարանները կրճատել են ռուսական նավթի գնումները՝ ակնկալելով Եվրամիության կողմից ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքը։

Ռուսական նավթի ներմուծման ԵՄ արգելքը ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 5-ից, իսկ ռուսական նավթամթերքի ներկրման արգելքը պետք է ուժի մեջ մտնի 2023 թվականի փետրվարի 5-ից։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ավելի քան 1000 արևմտյան ընկերություններ լքել են Ռուսաստանը։ Չինական ընկերությունները նույնպես հեռանում կամ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Դեկտեմբերին հեռահաղորդակցության և սմարթֆոնների չինական Huawei ընկերությունը հայտարարեց, որ լուծարում է Ռուսաստանում իր կորպորատիվ բիզնես թիմը «արևմտյան պատժամիջոցների պայմաններում հետագա հետընթացի պատճառով»։

Դեկտեմբերի 26-ին Կիևի տնտեսագիտության դպրոցը Ռուսաստանից արտասահմանյան ընկերությունների դուրս գալու ազդեցության վերաբերյալ իր ամենշաբաթյա ամփոփագրում հայտնել է, որ.

– «Չինական Lifan ավտոարտադրողը դադարեցրել է նոր մեքենաների վաճառքը ռուսական շուկայում՝ չվաճառելով գեթ մեկ մեքենա 2022 թվականին,

- Դրոններ արտադրող DJI ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի իր ամբողջ գործունեությունը Ռուսաստանում և Ուկրաինայում… որպեսզի թույլ չտա դրոնների ներգրավումը հակամարտության մեջ.

– UnionPay վճարային համակարգը սահմանափակ առնչություն ունի ռուսական էկվայեր բանկերի հետ, որոնք գտնվում են պատժամիջոցների ներքո,

– TikTok սոցիալական ցանցի հավելվածը կասեցրել է Ռուսաստանից օգտատերերի համար ուղիղ հեռարձակումների և նոր բովանդակություն տեղադրելու հնարավորությունը։

XS
SM
MD
LG