Նոյեմբերի վերջին Եվրամիությունն առաջարկեց Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ ստեղծել ռազմական դատարան, որը կզբաղվի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված գործերով:
Այս քայլի կողմնակիցները պնդում են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը «ագրեսիայի աննախադեպ գործողություն» է, որից հետևում է այդպիսի տրիբունալի ստեղծման անհրաժեշտություն։
Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարեց, որ առանց Ռուսաստանի մասնակցության, նման տրիբունալի ստեղծումը «իրավաբանական անհեթեթություն» կլինի։
«Այդ երկրներն իրենց ռուսատյաց պոռթկման մեջ պատրաստ են բացահայտ խախտել ՄԱԿ-ի կանոնադրությունը, դրանում ամրագրված՝ այս համաշխարհային կազմակերպության գլխավոր մարմինների լիազորությունները, միջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին», հայտարարել է Վերշինինը։
«Եվրամիությունը, որը ներգավված է Ուկրաինային բազմամիլիարդանոց ֆինանսավորման և զենքի մատակարարման մեջ, այդպիսով փորձում է սքողել իր մասնակցությունը Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների զանգվածային դեպքերին», հավելել է նա։
Վերշինինի այս մոլորեցնող պնդման մասին մանրամասնում է «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։
Վերշինինի հայտարարությունը միանգամայն համահունչ է Կրեմլի կողմից վաղուց ի վեր օգտագործվող ապատեղեկատվության մարտավարությանը, որը կոչվում է «պրոյեկցիա». երբ կողմը մեղադրում է մյուսներին մի բանում, ինչն ինքն է անում՝ սեփական գործողություններից ուշադրությունը շեղելու համար։
Հրեշավոր հանցագործությունների փաստերը սպասում են իրենց ժամին
Իրավապաշտպան խմբերը և ուկրաինացի քննիչները փաստագրել են բազմաթիվ հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքի դեմ, որոնք [ենթադրաբար] իրականացվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում փետրվարի 24-ի ներխուժումից հետո։
Միավորված ազգերի կազմակերպությունը, միջազգային դիտորդները, իրավապաշտպան խմբերը և համաշխարհային հանրության այլ ներկայացուցիչներ Ռուսաստանին մեղադրում են բնակավայրերի ոչ ընտրողաբար հրաձգությունների և ռմբակոծությունների, խաղաղ բնակիչների մահվան, հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի ավերման մեջ։
Հաղորդվում է նաև, որ ռուսական ուժերը պարբերաբար հարվածում են Ուկրաինայի էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման համակարգերի վրա՝ զրկելով ուկրաինացիներին ջերմությունից, էլեկտրաէներգիայից և ջրից՝ «վախ ու հուսահատություն սերմանելու համար» ձմեռամուտին։
Միավորված ազգերի կազմակերպությունը նաև արձանագրել է ուկրաինական մշակութային վայրերի վրա բազմաթիվ հարձակումներ։
ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասվում է, որ ռուսական զինված ուժերը փետրվարի 24-ից ապրիլի 6-ը «առանց դատ ու դատաստանի գնդակահարել և հարձակումներ են իրականացրել անզեն մարդկանց վրա, ինչի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել» Ուկրաինայի հյուսիսային քաղաքներում և գյուղերում։
Հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ և վայրագությունների վկայություններ ուկրաինական ավերված քաղաքներում, որտեղից դուրս են մղվել ռուսական զորքերը։
Ասոշիեյթիդ Փրեսի (AP) հետաքննությունը նշանակալիորեն հաստատել է Ուկրաինայի պնդումներն առ այն, որ Մոսկվան հազարավոր ուկրաինացի երեխաների բռնի կերպով վերաբնակեցրել է Ռուսաստանում, ինչը, ըստ վերլուծաբանների, [կարող է] խախտել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։
Թեև պատերազմող երկու կողմերն էլ խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը, «ռուսական զինված ուժերն են պատասխանատու բացահայտված խախտումների ճնշող մեծամասնության համար՝ ներառյալ ռազմական հանցագործությունների», սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայում իրադարձությունների հետաքննության գծով անկախ միջազգային հանձնաժողովը, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (UNHRC) կողմից։
Հենց այս համատեքստում է Ուկրաինան պաշտպանվում արտաքին ագրեսիայից՝ ԵՄ-ի և այլ դաշնակիցների աջակցությամբ։
Հիրավի, միջազգային իրավունքի համաձայն՝ ԵՄ անդամները կարող են պատասխանատվության ենթարկվել Ուկրաինային տրամադրած զենքով կատարված հանցագործությունների համար, բայց միայն որոշակի պայմանների դեպքում։ Այդ պայմանների առկայության որևէ ապացույց չկա։
Միջազգային իրավաբանների հետաքննություն
«Միջազգային մարդասիրական-իրավական հետազոտություններ» պարբերականի հոդվածում Կոպենհագենի համալսարանի ռազմական հետաքննությունների կենտրոնի միջազգային իրավունքի և անվտանգության պրոֆեսոր Քևին Ջոն Հելլերը և կենտրոնի գիտաշխատող Լենա Տրաբուկոն այսպես են մեկնաբանում Ուկրաինային զենքի մատակարարումների օրինականության հետ կապված հարցերը՝ միջազգային իրավունքի համաձայն։
Հելլերը և Տրաբուկոն համոզված են.
«Ռուսաստանի չհրահրված ներխուժումից շոկն ու սարսափը դրդել են մի շարք արևմտյան պետությունների Ուկրաինային այնպիսի ռազմական աջակցություն ցուցաբերել, որպիսին չեր եղել 1941 թվականի ամերիկյան լենդ-լիզա ծրագրից ի վեր»։
Հեղինակները հավելում են, որ Ուկրաինային աջակցությունը «արդարացված է ինչպես բարոյական, այնպես էլ քաղաքական առումով»։
Այնուամենայնիվ, Արևմուտքի աջակցությունը ենթադրում է պոտենցիալ իրավաբանական ծուղակներ։
Թեև հեղինակների վերլուծությունը սևեռված է միջազգային իրավունքի հինգ ոլորտների վրա, միանգամից անցնենք այն բաժիններին, որոնք առնչվում են Վերշինինի պնդումներին. որ ԵՄ-ն «մասնակից է ռազմական հանցագործություններին՝ միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն տրամադրելով Ուկրաինայի զինված ուժերին»։
Հելլերը և Տրաբուկոն վկայակոչում են «Ժնևի կոնվենցիաների» 1-ին ընդհանուր հոդվածը, որը «բացասական պարտավորություն է պարտադրում պետություններին՝ խուսափել զինված հակամարտության կողմի կողմից [միջազգային մարդասիրական իրավունքի] կոնկրետ խախտմանը խրախուսումից, օժանդակումից կամ աջակցությունից»:
Այս պարտավորությունն արգելում է արևմտյան պետություններին զենք մատակարարել Ուկրաինային, «եթե հիմքեր կան ենթադրելու, որ այդ զենքը կօգտագործվի ի խախտումն [Ժնևի] կոնվենցիաների՝ հիմնված փաստերի կամ անցյալի մասին գիտելիքների վրա»։
Հելլերը և Տրաբուկոն նշում են, որ որևէ ապացույց չկա, որ ուկրաինական զինված ուժերը համակարգված կերպով ներգրավված են եղել ռազմական հանցագործություններում, սակայն կան հաղորդումներ, որ ուկրաինական բանակի որոշ ստորաբաժանումներ կարող էին ռազմական հանցագործություններ կատարել։
Դա ներառում է, նրանց կարծիքով, «ռուս ռազմագերիների անօրինական մահապատիժները Կիևից դեպի արևմուտք ընկած Դմիտրովկա գյուղի մոտ» և «Գուսարովկայում կասետային զինամթերքի համատարած օգտագործումը, երբ փորձում էին քաղաքը հետ գրավել»։
Հելլերը և Տրաբուկոն պնդում են, որ ոչինչ չի մատնանշում, որ ռուսական ներխուժումից հետո մատակարարված արևմտյան զենքն օգտագործվել է այդ [ենթադրյալ] ռազմական հանցագործությունները կատարելու համար, «կամ որ Ուկրաինան պարբերաբար ռազմական հանցագործություններ է կատարում»։
«Հետևաբար, շատ քիչ է հավանական, որ 1-ին հոդվածով նախատեսված պարտավորությունը սահմանափակում է որևէ արևմտյան պետության հնարավորությունը Ուկրաինային տրամադրելու որոշակի տեսակի զենք, առավել ևս՝ ընդհանրապես զենք», պնդում են նրանք։
Հելլերը և Տրաբուկոն վկայակոչում են նաև 2001 թվականին ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից ընդունված Միջազգայնորեն հակաօրինական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին օրենքի (ARSIWA) 16-րդ հոդվածը։
Այն վերաբերում է «միջազգայնորեն հակաօրինական արարքի կատարմանն օգնությանը կամ աջակցությանը»։
16-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը «միջազգային պատասխանատվություն է» կրում միջազգայնորեն հակաօրինական արարքի համար, եթե նա «դա անում է միջազգայնորեն հակաօրինական արարքի հանգամանքների իմացությամբ»։
Այնուամենայնիվ, հեղինակները պնդում են, որ 16-րդ հոդվածը «ավելի քիչ հավանականությամբ կսահմանափակի Ուկրաինային զենք մատակարարելու պետությունների հնարավորությունը, քան 1-ին ընդհանուր հոդվածը», քանի որ այն պահանջում է, որ այդ պետությունները «գործնական վստահությամբ» տեղյակ լինեն, որ Ուկրաինան մտադիր է օգտագործել այդ զենքը ռազմական հանցագործություններ կատարելու համար։
«Նույնիսկ ընդունելով, որ Ուկրաինան ռազմական հանցագործություններ է կատարել Ռուսաստանի հետ հակամարտության ժամանակ, դրանց կատարման հազվադեպությունը նշանակում է, որ ներկայումս արևմտյան պետությունները ոչ կարող են գործնականում վստահ լինել, որ Ուկրաինան մտադիր է ապագայում ռազմական հանցագործություններ կատարել, ոչ էլ կարող են գործնականում վստահ լինել, որ Ուկրաինան կկատարի այդ հանցագործություններն իրենց զենքի կիրառմամբ։ 16-րդ [հոդվածի] կիրարկման համար պահանջվում են շատ ավելի նպատակամետ և համակարգված հանցագործություններ»։
Հելլերը և Տրաբուկոն վկայակոչում են «Հռոմի կանոնադրության» 25-րդ հոդվածը, պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)։
ՄՔԴ-ի իրավասությունը սահմանափակվում է առավել ծանր հանցագործություններով՝ ցեղասպանության հանցագործությամբ, մարդկության դեմ հանցագործություններով, ռազմական հանցագործություններով և ագրեսիայի հանցագործությամբ։
25-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանվում է քրեական պատասխանատվություն և պատիժ այն անձի նկատմամբ, որը դիտավորյալ «որևէ կերպ» նպաստում է «նման հանցագործության կատարմանը կամ կատարման փորձին մի խումբ անձանց կողմից, որոնք գործում են ընդհանուր նպատակով»։
Այնուհետև Հելլերը և Տրաբուկոն կրկնում են, որ որևէ ապացույց չկա, որ Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են արևմտյան սպառազինություն ռազմական հանցագործություններում, հավելելով, որ պետությունները «պետք է վերանայեն Ուկրաինային զենք մատակարարելու ապագա ծրագրերը», եթե այդպիսի ապացույցներ երբևէ ի հայտ գան։
Եթե պետությունները շարունակեն զենք մատակարարել, իմանալուց հետո, որ նախորդ մատակարարումները «նպաստել են հանցավոր արարքներին, ապա այդ մատակարարումների համար պատասխանատու պետական պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգ է սպառնում 25-րդ [հոդվածի] 3-րդ կետի «դ» ենթակետով՝ այդ զենքի օգտագործմամբ Ուկրաինայի կատարած ցանկացած ռազմական հանցագործությունների համար»:
Իսկ ո՞րն է Միջազգային քրեական դատարանի դիրքորոշումը
Մինչդեռ Հաագայում ՄՔԴ-ի գլխավոր դատախազը դեմ է արտահայտվել ԵՄ-ի առաջարկած տրիբունալին՝ պնդելով, որ Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործություններով կարող է զբաղվել ՄՔԴ-ն։
Մոսկվան կասեցրել է ՄՔԴ-ին միանալու գործընթացը 2016 թվականին (և, այդպիսով, չի ճանաչում դատարանի իրավասությունը) ՄՔԴ-ի այն որոշումից հետո, որով Ռուսաստանի գործողությունները ուկրաինական Ղրիմի թերակղզում ճանաչվել են որպես բռնագրավում։ Ռուսաստանը թերակղզին բռնակցել է 2014 թվականին։
Եվրամիությունն առաջարկել է ստեղծել կա՛մ «հատուկ անկախ միջազգային դատարան բազմակողմանի պայմանագրի հիման վրա, կա՛մ մասնագիտացված դատարան, որն ինտեգրված կլինի արդարադատության ազգային համակարգում միջազգային դատավորներով՝ հիբրիդային դատարան», որպեսզի պատասխանատվության ենթարկի Ռուսաստանին իր հանցագործությունների համար։
Սույն հոդվածում միտումնավոր ընդգծված են այն «վերապահությունները», որոնք արտացոլում են Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետ կապված իրավիճակի իրավաբանական կողմը, քանի որ, թեև նման հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ են հավաքվել, դրանցից և ոչ մեկը դեռևս չի ապացուցվել դատարանում։