Մատչելի հղումներ

Ինչպես է Կրեմլը փորձում դրական լույսի ներքո ներկայացնել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկաններին


Կրեմլամետ RT հեռուստաալիքը «բացառիկ ռեպորտաժ» է պատրաստել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) մասին։ Դա վարձկանների խումբ է, որը Կրեմլի գործիքն է Ուկրաինայում, Սիրիայում և Աֆրիկայի որոշ մասերում, որտեղ «վագներականներին» մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։

Դեկտեմբերի առաջին օրը կրեմլյան հեռուստաալիքի և «Россия Сегодня» (RT) գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը թվիթերում, տելեգրամում և ՎԿոնտակտեում «Վագներ ՄՌԸ» «մասնավոր ռազմական ընկերությունը» գովաբանող տեսառեպորտաժ է հրապարակել։ Սիմոնյանը գրել է, որ RT-ի նկարահանող խումբը եղել է առաջինն ու միակը, որին թույլատրվել է մուտք գործել վարձկանների ուսումնական ճամբար «ինչ-որ տեղ Ռուսաստանի հարավում»։ Երեք րոպեանոց տեսանյութը, որն ուղեկցվում է դրամատիկ երաժշտությամբ, ավելի շատ նման է ձգձգված գովազդային հոլովակի, քան լրատվական ռեպորտաժի, ընդ որում՝ այն, ինչ ասվում է դրանում, իրականությանը չի համապատասխանում։

Մանրամասները ներկայացված են «Պոլիգրաֆ»-ի նյութում։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

«Վագներ ՄՌԸ»-ն, ինչպես և ռուսական մյուս ուժերը, ագրեսոր է Ուկրաինայում, իսկ այս «ռազմական ընկերության» համբավը սարսափելի է մարդու իրավունքների և օրինականության մասով։ «Վագներ ՄՌԸ»-ին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ Ուկրաինայում, Սիրիայում և Աֆրիկայի որոշ մասերում, որտեղ վարձկանների այս խումբը օգտագործվել է որպես Կրեմլի գործիք։

«Վագներ ՄՌԸ»-ի մենեջերը և ֆինանսիստը Եվգենի Պրիգոժինն է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի համախոհը։ Պրիգոժինն անձամբ է հավաքագրել հազարավոր բանտարկյալների ռուսական ուղղիչ հաստատություններից՝ Ուկրաինայի ռազմաճակատ ուղարկելու համար։ Բանտարկյալներից շատերը ցմահ բանտարկություն էին կրում սպանության և բռնի հանցագործությունների համար։

Վագներականները Ուկրաինայում ներկա են 2014 թվականի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Իսկ 2022 թվականի փետրվարի վերջին ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո «Վագներ ՄՌԸ»-ն ավելացրեց վարձկանների թիվը Դոնբասում և այլ շրջաններում, ինչպես նաև սկսեց ավելի կարևոր դեր խաղալ ռազմական գործողություններում։

«Վագներ ՄՌԸ»-ի հանցագործությունները

Դեկտեմբերի այդ նույն առաջին օրը ԱՄՆ սենատորների երկկուսակցական խումբը օրենք ներկայացրեց «Վագներ ՄՌԸ»-ն որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին։ Օրենքի երկու հիմնական համահեղինակները՝ ԱՄՆ սենատորներ Ռոջեր Ուիքերը (Միսիսիպի նահանգ) և Բեն Քարդինը (Մերիլենդ նահանգ) այս միջոցն անվանեցին «Ռուս վարձկաններին պատասխանատվության ենթարկելու մասին» օրենք կամ HARM (Holding Accountable Russian Mercenaries)։

Իրենց հայտարարության մեջ երկու սենատորները գրել են.

«Վագների խումբը ռազմականացված կազմակերպություն է, որտեղ «աշխատում են» հազարավոր վարձկաններ։ Այն լայնորեն հայտնի է որպես մասնավոր ռազմական միավորում, որը կատարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հրամանները Ուկրաինայում, Մալիում, Սուդանում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ահաբեկչական գործողությունների ժամանակ, որոնք 2014 թվականից ի վեր հանգեցրել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածների»։

«Վագների խումբը նաև սպանել և սպառնացել է լրագրողներին, առևանգել երեխաներին, կիրառել է նյարդակաթվածահարիչ նյութեր քաղաքացիական անձանց դեմ, իրականացրել է խոշտանգումներ և մասնակցել կանանց և երեխաների բռնաբարությունների և սեռական թրաֆիքինգի»:

Միավորված ազգերի կազմակերպությունը, տարբեր երկրների կառավարությունները, իրավապաշտպան խմբերը և լրագրողները հավաքել են «Վագներ ՄՌԸ»-ի կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ խմբի վարձկանների կողմից պատերազմի օրենքների անտեսման վերաբերյալ ապացույցներ, ինչպես նաև ամբողջ աշխարհում տնտեսական հանցագործությունների վկայություններ։

Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը «Վագներ ՄՌԸ»-ն ներառեց այն կազմակերպությունների ցուցակում, որոնք առանձնահատուկ մտահոգություն են ներկայացնում Կրոնական ազատության միջազգային օրենքի ներքո՝ կապված Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում այդ խմբի գործունեության հետ։ Ցուցակում կան նաև այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Ալ-Շաբաբը»։

CNN-ը մեջբերել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ «Վագներ ՄՌԸ»-ի վարձկանները «կատարել են զանգվածային սպանություններ», «անհամաչափորեն հետապնդել են կրոնական փոքրամասնությունների խմբերի անդամներին» և «շատ դեպքերում տարբերակում չեն դրել կրոնական փոքրամասնությունների համայնքների զինված տարրերի և սովորական քաղաքացիական անձանց միջև»։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է 250,000 դոլար պարգևավճար Պրիգոժինի ձերբակալությանը նպաստող տեղեկատվության համար։ 2018 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Պրիգոժինին, որը նաև Սանկտ Պետերբուրգի ինտերնետ հետաքննությունների գործակալության ղեկավարն է։ Դա կիբերհաքերական և լրտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն է, որը միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ Դոնալդ Թրամփին օգնություն ցուցաբերելու նպատակով։

Պատժամիջոցներ «Վագներ ՄՌԸ»-ի դեմ

Եվրոպական միությունը նույնպես պատժամիջոցներ է սահմանել Պրիգոժինի և «Վագներ ՄՌԸ»-ի նկատմամբ 2019 թվականին՝ «զենքի մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոն խախտելու» և «Լիբիայում անվտանգության սպառնալիքի, կայունությանը վնաս հասցնելու և խաղաղության գործընթացը խաթարելու» համար։

Այս տարվա նոյեմբերին Կանադան պատժամիջոցներ է սահմանել Պրիգոժինի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմում նրանց դերակատարման համար։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան նույնպես պատժամիջոցներ են սահմանել «Վագներ ՄՌԸ»-ի և Եվգենի Պրիգոժինի նկատմամբ։

Այս բոլոր պատժամիջոցները չխանգարեցին «Վագներ ՄՌԸ»-ի վարձկաններին հեղեղել Աֆրիկան, մայիսին խոստովանել է ԱՄՆ Պետքարտուղարությունը.

«Ռուսաստանի կողմից ապատեղեկատվության լայնորեն կիրառումը և Վագների խմբի օգտագործումն ամբողջ Աֆրիկայում հանգեցրել են ստի տարածմանը և մարդու իրավունքների ոտնահարմանը։ Չնայած ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին և Պրիգոժինի հետ կապված կազմակերպությունների քողազերծմանը, որոնք տարածում են ապատեղեկատվություն, այս դերակատարները շարունակում են գործել Աֆրիկայում՝ տարածելով ապատեղեկատվություն՝ հանրային հանգստությունը խաթարելու, ռուսական կառավարության հանդեպ հանրային աջակցությունը մեծացնելու և դրա ազդեցության գոտին ընդլայնելու նպատակով»։

Դեկտեմբերի 2-ին հետաքննող լրագրողների եվրոպական գործակալությունը հայտարարեց, որ Պրիգոժինը ակտիվորեն ներգրավված է Բելգիայի հետ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության «արյունոտ ադամանդների» առևտրում՝ օգտագործելով «Վագներ ՄՌԸ»-ն և Diamville վստահելի ընկերությունը։

Առաջադրված մեղադրանքներին պատասխանելու խնդրանքին Պրիգոժինը հայտարարություն է արել, որում հեգնանքով հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եղել է ՆԱՏՕ-ի հատուկ «ռեկետային ստորաբաժանումներ» ներգրավելու գործողության փաստացի «առաջնորդը»։

Վերլուծաբանների խոսքերով՝ 2021 թվականի վերջին պատերազմից ծվատված Մալիում «Վագներ ՄՌԸ»-ի ժամանումից ի վեր կտրուկ աճել են բռնությունները և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։ Ապատեղեկատվության դեմ պայքարի ամերիկյան NewsGuard կայքի վերջին զեկույցը ցույց է տվել, որ TikTok-ում ցուցադրվում են տասնյակ տեսահոլովակներ, որոնք փառաբանում են «Վագներ ՄՌԸ»-ի վարձկանների բռնությունը՝ ներառյալ մահապատիժները։ Տեսանյութերն օգտագործվում են որպես անձնակազմի հավաքագրման գործիքներ և շրջանցում են TikTok-ի բովանդակության կանոնները, նշել է NewsGuard-ը։

XS
SM
MD
LG