Փետրվարի 24-ին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանը մշտապես կեղծ տեղեկություններ է տարածում այն մասին, որ Միացյալ Նահանգները իբր գաղտնի ֆինանսավորում է «կենսաբանական լաբորատորիաներ» և կենսաբանական զենքի մշակումը Ուկրաինայում։
Օրերս ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովն է՛լ ավելի հեռուն գնաց՝ մատնանշելով որոշ «վաշինգտոնյան ռազմաքիմիական ծրագրեր»։
«Չնայած քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի վավերացմանը, Միացյալ Նահանգները միակ երկիրն է աշխարհում, որը չի ավարտել դրա ոչնչացումը», հայտարարել է Կարտապոլովը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի ընթացքում։ ՀԱՊԿ-ը վեց երկրների ռազմական դաշինք է, որի կազմում է Ռուսաստանը։
Եվ հավելել է. «Եվ, ի դեպ, նրանց տրամադրության տակ են այս ոլորտի նորագույն մշակումները»։
Այս մոլորեցնող հայտարարության մանրամասն վերլուծությունը ներկայացված է «Պոլիգրաֆ»-ի նյութում։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։
Թեև Միացյալ Նահանգները դեռևս ամբողջությամբ չի ոչնչացրել քիմիական զենքի իր պաշարները, այն բնավ միակ երկիրը չէ այդ զենքի տիրապետման հարցում։
Աշխարհի ո՞ր երկրներն ունեն քիմիական զենք
Ռուսաստանը, որը «պաշտոնապես ավարտել է» քիմիական զենքի իր զինանոցի ոչնչացումը 2017 թվականին, պահպանում է դրա զգալի ներուժ և փաստացի ծավալել է քիմիական զենքի արտադրություն երկրի ներսում և արտերկրում։
Նույնը վերաբերում է Հյուսիսային Կորեային ու Սիրիային, որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ։
Քիմիական զենքի մասին կոնվենցիան (ՔԶԿ) պարտավորեցնում է «մասնակից պետություններին վերացնել ողջ քիմիական զենքը»՝ ոչնչացնելով իրենց արտադրած բոլոր պաշարները, այդ թվում՝ «այլ մասնակից պետությունների տարածքում թողնվածները»:
Միայն չորս պետություններ՝ Եգիպտոսը, Իսրայելը, Հյուսիսային Կորեան և Հարավային Սուդանը, չեն հանդիսանում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) կողմից կառավարվող կոնվենցիայի մասնակիցներ։
Ըստ Սպառազինությունների վերահսկման ասոցիացիա (ACA) շահույթ չհետապնդող կազմակերպության, որը հետամուտ է սպառազինությունների համաշխարհային վերահսկման քաղաքականությանը, Ալբանիան, Հնդկաստանը, Իրաքը, Լիբիան, Սիրիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և մեկ պետություն՝ անանուն (բոլորը համարում են, որ դա Հարավային Կորեան է), ՔԶԿ-ին միանալու ժամանակ հայտարարել են, որ ունեն քիմիական զենքի պաշարներ։
Բոլոր այս երկրները, բացի ԱՄՆ-ից, ոչնչացրել են հայտարարված զինանոցները (Հանգուցային բառն այստեղ «հայտարարվածն» է, ինչի մասին խոսվում է ստորև)։
2018 թվականի օգոստոսին Փոլ Ֆ. Ուոքերը՝ Միջազգային կանաչ խաչի (բնապահպանական կազմակերպություն, որի կենտրոնակայան գրասենյակը գտնվում է Ժնևում) բնապահպանական կայունության հարցերով տնօրենը, բացատրել է Polygraph.info-ին, որ ի տարբերություն Ռուսաստանի՝ ԱՄՆ-ն որոշակի տեխնիկական դժվարություններ ունի քիմիական զենքի պաշարները լիկվիդացնելու հարցում։
«Նովիչոկ» նյարդակաթվածահարիչ նյութը
Հարկ է նշել, որ Ամերիկայում և Ռուսաստանում «լիկվիդացիա» բառը տարբեր կերպ են մեկնաբանում։ ԱՄՆ-ում դա լիակատար ոչնչացման գործընթացն է, մինչդեռ Ռուսաստանում «լիկվիդացիա» սահմանումը չի ներառում մեծ քանակությամբ խիստ թունավոր թափոնների հեռացումը։
Բացի այդ, Ռուսաստանը, ինչպես նաև Սիրիան, պահպանել են քիմիական զենքի նախկինում չհայտարարագրված ներուժը։ Եվ այն նրանք օգտագործել են մարդկանց սպանելու համար։
Ռուսաստանը 2018 թվականի մարտին կիրառել է խորհրդային ժամանակներից մնացած «Նովիչոկ» նյարդակաթվածահարիչ նյութը՝ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ռուսական ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի ծրագրված սպանության գործողության մեջ։ Սկրիպալները ողջ են մնացել, սակայն Մոսկվայի հատուկ գործողության արդյունքում թունավորումից մահացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դոնա Սթերջեսը։
Սոլսբերիում այսպիսի իսկական ահաբեկչական հարձակումից հետո ՔԶԱԿ-ը «Նովիչոկ» շարքի մի քանի նյութեր ավելացրեց իր «Թիվ 1 ցուցակում», քիմիական նյութեր, որոնք գործնականում չեն օգտագործվում ոչ որպես քիմիական զենք։
Այնուհետև՝ 2020 թվականի օգոստոսին, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկով» Ռուսաստանի Տոմսկ քաղաք ուղևորության ժամանակ։ Bellingcat լրատվական կայքի և ռուսական The Insider հրատարակչության (Der Spiegel-ի և CNN-ի հետ համագործակցությամբ) հետաքննությունը պարզել է, որ այդ գործողությունն իրականացրել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մի խումբ անդամներ։
Թեև Նավալնիի դեմ օգտագործված «Նովիչոկի» տարբերակը ներառված չէր Թիվ 1 ցուցակի նյութերի թարմացված ցանկում, ՔԶԱԿ-ը գրավոր հայտարարության մեջ հայտնել է Polygraph.info-ին, որ «բոլոր թունավոր քիմիական նյութերը և դրանց պրեկուրսորները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք օգտագործվում են ՔԶԿ-ի կողմից որոշակի քանակություններով թույլատրված նպատակների համար, հանդիսանում են քիմիական զենք» և, հետևաբար, արգելված են կոնվենցիայով։
Այս տարվա մարտին Ջորջ Մեյսոն համալսարանի կենսապաշտպանության ծրագրի տնօրեն Գրեգորի Կոբլենցը պատմել է CNN-ին, որ Ռուսաստանի կողմից «Նովիչոկի» օգտագործումը «ակնհայտ ցուցանիշ է, որ քիմիական զենքի ռուսական ծրագիրը ինչ-որ առումով շարունակվում է»։
Քիմիական զենքի պաշարներ Սիրիայում
Սիրիան միացել է ՔԶԿ-ին 2013 թվականի սեպտեմբերին։ 2016 թվականի հունվարին ՔԶԱԿ-ը հաստատել է, որ Դամասկոսը ոչնչացրել է իր հայտարարած ամբողջ քիմիական զինամթերքը։ Այդուամենայնիվ, սիրիական կառավարությունը, իր պաշարների ոչնչացման մասին հայտարարելուց հետո, ինչպես պարզվեց, ներքաշվել է իր ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառմամբ բազմաթիվ հարձակումների մեջ։
2020 թվականի հուլիսին ՔԶԱԿ-ը հայտնել է, որ եկել է այն եզրակացության, որ «ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կիրառել է քիմիական զենք», մասնավորապես՝ քլոր և զարին գազեր։ ՔԶԱԿ-ը դատապարտել է դա։
«Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից նման քիմիական զենքի կիրառումն ինքնին հստակորեն ենթադրում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը չի հայտարարել և ոչնչացրել իր ամբողջ քիմիական զենքը և քիմիական զենքի արտադրության բոլոր օբյեկտները, և հիմք է հանդիսանում Սիրիայի Արաբական Հանրապետությունից պահանջելու անհապաղ դադարեցնել քիմիական զենքի ցանկացած կիրառում», պահանջել է ՔԶԱԿ-ը։
Արդյունքում 2021 թվականի ապրիլին ՔԶԱԿ-ը դադարեցրել է Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք իրավունքների և արտոնությունների գործողությունը։
Հյուսիսային Կորեան՝ քիմիական նյութերի արտադրող
Վերլուծաբանների կարծիքով՝ Հյուսիսային Կորեան մեծ քանակությամբ քիմիական և կենսաբանական զենք է կուտակել և կարող է տարեկան հազարավոր տոննաներ արտադրել։
Հյուսիսային Կորեան ներգրավված է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի պետական հովանավորությամբ սպանության մեջ՝ օգտագործելով VX՝ առանց հոտի և համի մահացու նյարդակաթվածահարիչ նյութը։
Կուալա-Լումպուրի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հարավկորեական հետախուզության ներկայացուցիչները Մալայզիայից թռչող չորս կասկածյալ ուղևորների մեջ հայտնաբերել են հյուսիսկորեացի լրտեսների։
2018 թվականին ՄԱԿ-ի փորձագետների խումբը եզրակացրել է, որ Հյուսիսային Կորեան բեռներ է ուղարկում Սիրիա, որոնք կարող են օգնել Դամասկոսին վերականգնել քիմիական զենքի ստեղծման իր ծրագիրը։
Դեպի առանց քիմիական զենքի աշխարհ ճանապարհը կբացի Ամերիկան
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ Առաջին աշխարհամարտից սկսած և մինչև 1968 թվականը Միացյալ Նահանգները արտադրել է տասնյակ հազարավոր տոննա քիմիական զենք՝ որպես «զսպող գործոն»։ Այդ զենքը երբեք չի օգտագործվել մարտի դաշտում։
Այս տարվա հոկտեմբերին ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրենը նշել է «Միացյալ Նահանգների աննախադեպ ջանքերն ու առաջընթացը քիմիական զենքի իր պաշարների վերացման գործում»։
Այն հավելել է, որ «Քիմիական զենքի արտադրության իր օբյեկտների ոչնչացման հարցում ՔԶԱԿ-ի ստուգումների ժամանակ ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը և աջակցությունը ամրապնդում է այս չարիքը վերջնականապես արմատախիլ անելու համընդհանուր ջանքերը»։
ԱՄՆ-ն ծրագրում է քիմիական զենքի մնացած պաշարների ոչնչացումն ավարտել մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը։ Այս տարվա ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հասել է կարևոր փուլանիշի այդ ճանապարհին՝ ոչնչացնելով VX պարունակող վերջին հրթիռը։