Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու համատեղ դիմում են ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի շաբաթ անց:
Դաշինքն իր կազմում ընդունեց Ֆինլանդիային այս ամսվա սկզբին: Սակայն Շվեդիայի դիմումը դեռ պետք է հաստատվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հունգարիայի կողմից:
Անկարան Շվեդիային մեղադրել է քրդամետ ահաբեկիչներ համարող խմբերին ապաստանելու մեջ, ինչը Շվեդիան հերքում է։ ՆԱՏՕ-ի հայտից ի վեր Շվեդիայի քրդական խմբերը հակաթուրքական ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով Թուրքիայի կառավարության հետ ցանկացած գործարքի դեմ:
Սակայն Շվեդիայի վարչապետն ասաց, որ հույս ունի, որ հաջորդ ամիս Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են շրջադարձային կետ դառնալ:
«Այժմ մենք սպասում ենք Թուրքիայի ընտրություններին։ Կարծում եմ՝ բոլորն էլ գիտակցում են, որ այս հարցն ունի էական նշանակություն, որը վերաբերում է Թուրքիայի ներքին քաղաքականությանը, և դա լիովին հասկանալի է: Շատ երկրներում այդպես է»,- հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը:
Your browser doesn’t support HTML5
Շվեդիան պատրաստվում է նոր հակաահաբեկչական օրենք ներկայացնել: Ստոկհոլմը հուսով է այն կհամոզի Թուրքիային հավանություն տալ ՆԱՏՕ-ի շվեդական հայտին: Թուրքիան մինչ այժմ չեզոք արձագանք է տվել։
«Իհարկե, նրանք որոշ քայլեր ձեռնարկել են, բայց դրանք բավարար չեն։ Առաջիկա ժամանակահատվածում ակնկալում ենք լրացուցիչ ջանքեր»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։
ՆԱՏՕ-ն ևս հույս է հայտնում, որ Շվեդիայի դիմումը կվավերացվի հուլիսին կայանալիք դաշինքի տարեկան գագաթնաժողովին:
«Այս ամենն ավելի շատ կախված է նրանից, թե արդյոք ընտրություններից հետո, անկախ վերջնարդյունքից, թուրքական իշխանությունները կկարողանան պնդել, որ Թուրքիայի որոշ ակնկալիքներ իրականացվել են Շվեդիայի կողմից: Օրինակ՝ հենց այս օրենքի իրագործումը»,- նշում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Ալպեր Քոսկուն։
Ներքին խնդիրները Թուրքիայի նախընտրական քարոզարշավում գերակշռում են արտաքին քաղաքականությանը, և դա կարող է օգտակար լինել ՆԱՏՕ անդամակցության Շվեդիայի հայտին, ասում է Քոսկունը:
«Հատկապես այժմ՝ երկրաշարժերի հետևանքների և Թուրքիայում տիրող տնտեսական վիճակի պայմաններում, արտաքին քաղաքական գործոնն էլ ավելի է նվազել։ Այդ առումով, չեմ կարծում, որ դա առաջատար թեմա է Թուրքիայում հանրային կամ քաղաքական կուսակցությունների շրջանակում, որպեսզի իր վրա կենտրոնացնի ուշադրությունը։ Ես գտնում եմ, որ այն նվազեցնում է ներքաղաքական ճնշումն այս հարցի վրա, որը պետք է նպաստի խնդրի հետընտրական կարգավորմանը»,- ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբանը։
Թուրքական ընդդիմադիր կուսակցությունները համախմբվել են միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ՝ փորձելով պաշտոնանկ անել գործող նախագահ Ռեջեփ Էրդողանին: Ընդդիմության հաղթանակը կարող է օգուտ բերել Շվեդիային.
«Նրանք հասկացրել են, որ ընդգծելու են Թուրքիայի տեղը ՆԱՏՕ-ում, արևմտյան անվտանգության ճարտարապետության մեջ»,- ընդգծում է Քոսկուն:
Միևնույն ժամանակ, հունգարացի օրենսդիրներն ասում են, որ արգելափակում են Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ վերջինս քննադատում է իրենց երկրում ժողովրդավարության հետ կապված վիճակը: Վերլուծաբաններն ընդգծում են, որ Թուրքիայի կողմից Շվեդիայի հայտի հաստատումից հետո, հավանաբար, Հունգարիան նույն քայլին կդիմի:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա