Մատչելի հղումներ

Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը


Երեքշաբթի օրը Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, ինչը ըստ դաշինքի ղեկավար Յենս Սթոլթենբերգի ուղղակիորեն պայմանավորված էր Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա։

«Նախագահ Պուտինը հայտարարել է, որ նպատակ ունի ներխուժել Ուկրաինա՝ ՆԱՏՕ-ն կրճատելու համար», - նշել է Սթոլթենբերգը՝ Ֆինլանդիայի կողմից դաշինքին պաշտոնապես միանալուց ժամեր առաջ: «Նա կստանա դրա ճիշտ հակառակը… Այսօր Ֆինլանդիան և շուտով նաև Շվեդիան կդառնան դաշինքի լիիրավ անդամներ»:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը ողջունել է Ֆինլանդիայի պաշտոնական անդամակցությունը դաշինքին նշելով, որ «Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամն է»:

Ֆինլանդիայի դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն տեղի է ունեցել Բրյուսելի արվարձանում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, որին ներկա է գտնվել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ավարտել է անդամակցության գործընթացը՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտոնական փաստաթուղթը հանձնելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Նինիստեն նշել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու Ֆինլանդիայի պաշտպանությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր պաշտպանական համակարգի շրջանակներում համակարգելու համար:

Միևնույն ժամանակ, Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի «հակամիջոցներ» ձեռնարկել Ֆինլանդիայի կողմից դաշինքին միանալու հետ կապված։ Դմիտրի Պեսկովը դաշինքին միանալու Հելսինկիի քայլն անվանել է «ոտնձգություն» Ռուսաստանի անվտանգության դեմ և հավելել է, որ ՆԱՏՕ-ն թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։

Մինչդեռ Ուկրաինայի կառավարությունը ողջունել է Ֆինլանդիայի քայլը: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ում հրապարակել է.

«Ֆինլանդիան ճիշտ ընտրություն կատարեց։ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար նույնպես առանցքային նպատակ է»:

Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկրի առաջին քայլը որպես ՆԱՏՕ-ի անդամ կլինի վավերացնել Շվեդիայի կողմից դաշինքին միանալու դիմումը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է պետքարտուղար Բլինքենի հետ և ընդգծել, որ Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ պատմական քայլ է։

«Ֆինլանդիայի հետ մեր դաշինքը շատ ավելի ուժեղ է»,- հավելել է նա:​

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը նույնպես ողջունել է Ֆինլանդիայի պաշտոնական միացումը ՆԱՏՕ-ին:

«Երբ Միացյալ Նահանգները և 11 այլ երկրներ միավորվեցին ստեղծելու Հյուսիսատլանտյան դաշինքը, նախագահ Թրումենն ասաց՝ «աշխարհը հանուն ազատության և խաղաղության»»,- նշված է Բայդենի հայտարարության մեջ։ «Այսօր այս կամքն ավելի ուժեղ է, քան երբևէ, քանի որ Ֆինլանդիան նույնպես միացավ ՆԱՏՕ-ին»:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG