ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարա կատարած այցի ժամանակ ասել է, որ Բայդենի վարչակազմը կողմ է, որ Թուրքիային վաճառվեն F-16 տիպի կործանիչներ:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կմիանան ՆԱՏՕ-ին։
20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքի համաձայնագիրը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսը։ Թուրքիան խնդրել է 40 ինքնաթիռ և մոտ 80 արդիականացման լրակազմ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բլինքենն ասել է, որ չի կարող ժամանակացույց տալ սպասվող վաճառքի մասին Կոնգրեսի պաշտոնական ծանուցման համար, սակայն ակտիվորեն հրապարակում է Բայդենի վարչակազմի աջակցությունը գործարքին։
«Սա շատ կարևոր է ՆԱՏՕ-ի փոխգործունակության և ԱՄՆ ազգային անվտանգության համար», - ասել է Բլինքենը:
Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ անդամներն են, որոնք դեռ չեն հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին։
Նա վստահություն է հայտնել, որ «ՆԱՏՕ-ն շուտով պաշտոնապես կընդունի այդ երկու երկրներին, իսկ երբ դա տեղի ունենա, այն կամրապնդի ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի անվտանգությունը»։