ՆԱՏՕ-ի անդամները երեքշաբթի օրը ստորագրել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի արձանագրությունները: Երկու այս երկրներն իրենց դիմումները ներկայացրել էին մայիս ամսին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի պատճառով խախտելով չեզոքության իրենց երկարամյա կարգավիճակը:
«Այսօր լավ օր է Ֆինլանդիայի և Շվեդիայի համար, լավ օր է ՆԱՏՕ-ի համար: Եթե 32 երկրներ լինեն միասնական, մենք ավելի ուժեղ կլինենք: Մեր ժողովուրդները անվտանգության այս ամենամեծ ճգնաժամի ընթացքում կլինեն ավելի ապահով ու անվտանգ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:
Նա հավելել է, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական ժողովրդավարական երկրների համար, որոնք պատրաստ են և ցանկանում են նպաստել ընդհանուր անվտանգությանը»:
Ստորագրված անդամակցության արձանագրություններով ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրներից յուրաքանչյուրն այժմ պետք է վավերացնի դրանք՝ համաձայն իրենց ազգային ընթացակարգերի:
Ե՛վ Ֆինլանդիան, և՛ Շվեդիան ՆԱՏՕ-ի հետ աշխատելու պատմություն ունեն՝ որպես գործընկեր երկրներ: Երկու այս երկրները նաեւ մասնակցել են ՆԱՏՕ-ի հանդիպումներին և զորավարժություններին:
«Որպես դաշինքի ապագա անդամ՝ Շվեդիան կնպաստի բոլոր դաշնակիցների անվտանգությանը», - երեքշաբթի օրն անցկացված հանդիպման սկզբում ասել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ասել է, որ իր երկիրը ակնկալում է աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ պաշտպանելու «անվտանգ և բարգավաճ եվրաատլանտյան տարածաշրջանը»:
«Միասին մենք ավելի ուժեղ ենք պաշտպանելու կանոնների վրա հիմնված միջազգային կարգը և ժողովրդավարական ազատության ու օրենքի գերակայության սկզբունքները», - ասել է Հաավիստոն:
Հոդվածը կազմված է Associated Press և Reuters լրատվական գործակալությունների կողմից ստացված հաղորդագրությունների հիման վրա: