Ստամբուլը վտանգի տակ է երկրաշարժի դեպքում. ահազանգում է քաղաքապետը

Ստամբուլը Եվրոպայի ամենամեծ քաղաքներից է, որը զերծ մնաց Թուրքիայի փետրվարյան երկրաշարժերի ավերածություններից, սակայն նրա քաղաքապետը զգուշացնում է, որ անորակ կառուցապատումը կարող է նշանակել, որ հսկայական աղետ է սպասվում այստեղ ևս

Փետրվարյան երկրաշարժերը հազարավոր բազմաբնակարան շենքեր վերածեցին փլատակների Թուրքիայում։ Շատերը պատճառը տեսնում են անորակ շինարարության մեջ։

Ստամբուլը Եվրոպայի ամենաբնակեցված քաղաքներից է, որտեղ ապրում է ավելի քան 15 միլիոն մարդ: Այն ևս եկրաշարժային գոտում է: Նրա քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն զգուշացնում է, որ քաղաքը կանգնած է աննախադեպ սպառնալիքի առջև։

«Մենք չգիտենք, թե երբ կլինի երկրաշարժը։ Թույլ տալ, որ մեր ժողովուրդը ապրի կյանքին սպառնացող այս շենքերում, նման է, Աստված մի արասցե, գիտակցաբար նրանց մահի դատապարտմանը»,- ասել է Իմամօղլուն:

Քաղաքապետարանի կայքը թույլ է տալիս բնակիչներին պահանջել ստուգել իրենց շենքերի սեյսմակայունությունը:

Այս շենքը պետք է քանդվի վատ կառուցապատման պատճառով, իսկ մյուսներն ամրացվում են. քաղաքապետարանը դրամաշնորհներ և էժան վարկեր է առաջարկում բնակչությանը: Սակայն շատերն ասում են, որ չեն կարող վճարել: Նրանք այժմ վախենում են իրենց և իրենց ընտանիքների համար:

Your browser doesn’t support HTML5

Երկրաշարժի դեպքում 90 հազար շինություն վտանգի տակ է Ստամբուլում. Ստամբուլի քաղաքապետ

«Իմ ընտանիքը բնակվում է բազմաբնակարան շենքում, որը հինգ հարկանի է և բավականին հին։ Այնտեղ ապրում է եղբորս ընտանիքը։ Նրանք սարսափած են, և նրանց միակ մխիթարանքն այն է, որ ապրում են վերջին հարկում, և եթե շենքը փլուզվի, հույս ունեն, որ նրանք կարող ողջ մնան»,- նշում է Սաբիհա Քուշքուն Ստամբուլից:

Ստամբուլը երկրի տասնամյա շինարարական բումի կենտրոնն էր: Փորձագետներն ասում են, որ երկրաշարժից տուժած շրջանների կառուցապատողների նման, քաղաքի բնակիչները շահել են կառավարության կառուցապատման գոտիավորման համաներումներից, ըստ որոնց՝ փոքր տուգանքներից հետո օրինականացվել են երկրաշարժի խստագույն կանոնների խախտմամբ կառուցած կառույցները:

«Նույն ավերածությունները, հավանաբար, կտեսնենք այստեղ՝ Ստամբուլում, ուստի մենք խոսում ենք մեծ ռիսկի մասին։ Գոտիավորման համաներումը հսկայական խնդիր է առաջացրել: Դա ավելի խորը խնդրի հիմքերից մեկն է»,- պնդում է Ստամբուլի ճարտարապետ Օմեր Յըլմազը։

Շատ կառուցապատողներ ձերբակալվեցին փետրվարյան երկրաշարժերից հետո:

Սակայն Թուրքիայի շինարարական բումը հանգեցրեց երկրի աննախադեպ տնտեսական աճին, որը հիմք հանդիսացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա կուսակցության երկարատև քաղաքական հաջողությանը: Ըստ վերլուծաբան Աթիլլա Եսիլադայի՝ Էրդողանի կառավարությունը չնայած օրենքներին և կանոնակարգերին, որդեգրել էր յուրաքանչյուր քառակուսին կառուցապատելու ու ընդլայնելու, ինչպես նաև շինարարական ընկերություններին աջակցելու քաղաքականություն: Վերջիններս էլ իրենց հերթին ֆինանսավորել են Էրդողանի ու նրա կուսակցության նախընտրական արշավները:

Անորակ կառուցած շենքերի սպառնալիքի դեմ պայքարն այժմ առաջնահերթություն է. Ստամբուլի քաղաքապետը նախազգուշացրել է, որ երկրաշարժի դեպքում վտանգի տակ են շուրջ 90 հազար շինություններ:

Հոդվածը պատրաստվել է Ստամբուլում ‘’Ամերիկայի ձայն’’-ի թղթակից Դորիան Ջոնսի նյութերի հիման վրա