Փետրվարի 6-ի վաղ առավոտյան մինչև 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում եւ Սիրիայում խլեց ավելի քան 51 հազար մարդու կյանք: Բնական աղետի հետեւանքով Թուրքիայում մարմնական վնասվածքներ ստացավ ավելի քան 108 հազար մարդ, միլիոնավոր այլոք մնացին անօթեւան:
Թուրքիայի հեռավոր Բույուքնաքար գյուղում, որը գտնվում է հարավային Թուրքիայի լեռներում, տեղացիները պայքարում են բնականոն կյանք վերադառնալու համար: Կյանք, որն այստեղ թվում է, թե կանգ է առել մշտապես:
Ինչպես գյուղի բնակիչներից Ֆիդան Բեյօղլուն է ասում, ոչինչ անել հնարավոր չէ: Իրենց եկամտի միակ աղբյուր համարվող կաթը չի էլ վաճառվում:
Քիչ այնկողմում էր գտնվում Սուտդելիսիների ընտանիքին պատկանող ախոռը։ Ընտանիքի մայրը` Սևնուրը երկրաշարժի ժամանակ այստեղ կորցրել է ամուսնուն, որդուն և դստերը:
‘’Վեց երեխա ունեի, հիմա երկուսը չկան, չկա ամուսինս’’, ասում է նա ու ավելացնում, ‘’միայն նրանք կհասկանան մեզ, ովքեր ողջ են մնացել’’:
Մինչեւ փետրվարի 6-ը գյուղում 2000 մարդ էր ապրում։ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է այս վայրերից ընդամենը 26 կիլոմետր հարավ։ Այսօր տուժածները դեռևս կարիք ունեն օգնության, հատկապես՝ ժամանակավոր կացարանի։
‘’Օգնությունը, փառք Աստծո, գալիս է: Բայց հասցեատերը միշտ չէ, որ գտնվում է։ Ոմանք շատ բան են ստանում, ոմանք՝ ոչինչ’’, ասում է Բույուքնաքար գյուղի բնակիչ Իսմայիլ Գյոքչերենը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ միայն Սիրիայում ավելի քան 5 միլիոն մարդ բնակարանի կարիք ունի։ Միջազգային ոչ առեւտրային մի կազմակերպություն ներկայացնող ամերիկացի 5 ծրագրավորողներ, ստեղծել են Take Shelter կայքը՝ օգնելու մարդկանց ապաստան գտնել Սիրիայում և Թուրքիայում: 19-ից 21 տարեկան երիտասարդները CNN-ին պատմել են, որ իրենց մշակած հարթակը ներքին տեղահանվածներին կապում է այն անձանց հետ, ովքեր իրենց տներն առաջարկում են որպես ապաստան:
Թուրքիայում ու Սիրիայում մարդիկ այսօր ունեն ոչ միայն բնակարանի, այլ նաեւ բնականոն կյանք վերականգնելու կարիք: Այս հարցում նրանց փորձում են օգնել տեղի կամավորները: Օրինակ Բույուքնաքար է ժամանել կամավոր վարսավիրների մի խումբ` բնակիչներին անվճար սպասարկելու համար: ‘’Ցավն այստեղ այնքան մեծ է, որ նկարագելն անհնար է’’, ասում են նրանք:
Միայն այս փոքրիկ գյուղում 120 բնակիչ է զոհվել, այսինքն բնակչության վեց տոկոսը: Այստեղ կանգուն է մնացել մի քանի տուն միայն:
Իսկ երկրաշարժից տուժած գոտում կան նման հազարավոր վայրեր: