Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհրապարակի հաջորդ ֆինանսական տարվա իր պաշտոնական բյուջեի նախագիծը, որով կազդարարվի Սպիտակ տան և Կոնգրեսի միջև քաղաքական պայքարի նոր մի շրջան կառավարության ծախսերի հարցի շուրջ:
Բյուջեի գործընթացը բարդ է և քաղաքականացված: Քաղաքականություն մշակողներն այստեղ բախվում են հիմնարար հարցերի շուրջ, թե ինչ են ակնկալում ամերիկացի ընտրողները կառավարությունից և որքան են նրանք պատրաստ վճարել դրա համար:
«Նման ժամանակներում այն, ինչ անում է Կոնգրեսը և ինչ առաջարկում է վարչակազմը տարբերվում է, քանի որ նրանք բոլորովին այլ պատկերացումներ ունեն Միացյալ Նահանգների մասին», - նշում է Դուգլաս Հոլց-Իկինը, ով ղեկավարում էր Կոնգրեսի բյուջետային վարչությունը 2003-2005 թթ.:
Դաշնային բյուջեն մշտապես աճում է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Վաշինգտոնում։
Քսան տարի առաջ, երբ Ջորջ Բուշը ստանձնեց Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը, դաշնային կառավարության ծախսերը 2003 թ. ֆինանսական տարվա համար կազմում էին 2,16 տրիլիոն դոլար: Ակնկալվում է, որ 2023 թվականին դրանք կգերազանցեն 6 տրիլիոն դոլարը։
Բյուջեի ամենամեծ բաժինը կազմում են պարտադիր ծախսերը, որոնք կառավարությունը պարտավոր է կատարել օրենքով՝ սոցիալական ապահովություն, տարեցների առողջության ապահովագրություն, դաշնային և զինվորական կենսաթոշակներ:
Պարտադիր ծախսերը կկազմեն բոլոր դաշնային ծախսերի մոտավորապես 63 տոկոսը ֆինանսական 2023 թվականին, իսկ դաշնային պարտքի տոկոսավճարները կկազմեն 8 տոկոս:
Բայդենն ազդարարել է, որ բյուջեում իր խնդրանքով միջոցներ կհատկացվեն առաջիկա տասը տարիների ընթացքում դաշնային դեֆիցիտը մոտ 2 տրիլիոն դոլարով նվազեցնելու համար։ Բայց նա առաջարկում է դրան հասնել ոչ թե ծախսերի կրճատման, այլ հարուստ ամերիկացիների հարկերի ավելացման միջոցով։
Հանրապետականները դեռ պետք է հրապարակեն իրենց վերջնական ծրագիրը, սակայն նրանց ներքին կուսակցական քննարկումները կենտրոնացած են ծախսերի կրճատման, այլ ոչ թե եկամուտների ավելացման վրա:
Դիտարկվող տարբերակները ներառում են արտաքին օգնության բյուջեի գրեթե 50 տոկոսով կրճատում, ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների համար մատչելի բնակարանային ծրագրերի կրճատում և որոշ արտոնությունների համար աշխատանքի պահանջ:
Թեև անհնար է պատկերացնել, թե ինչպես կընթանա բյուջեի շուրջ այս պայքարը, պատմությունը հուշում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը և դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը չեն կարողանա համաձայնության գալ ընդհանուր բյուջեի ծրագրի շուրջ:
Երբ դա տեղի է ունեցել անցյալում, կառավարությունը շարունակել է աշխատել «շարունակական ֆինանսավորման բանաձևերի հիման վրա», որոնք թույլ են տալիս Կոնգրեսին պահպանել ընթացիկ ծախսերի մակարդակը, մինչդեռ օրենսդիրները շարունակում են աշխատել համաձայնագրի շուրջ, ինչը երբեմն տևում է երկար ամիսներ:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա