Մատչելի հղումներ

«Արյունոտ կիրակին»՝ Սելմայում. Բայդենը պայքարում է քվեարկողների իրավունքների համար


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, կիրակի օրը Ալաբամայի Սելմա քաղաք կատարած այցի ժամանակ հանդես է եկել քվեարկողների իրավունքների օգտին: Նախագահը Ալաբամայում էր «Արյունոտ կիրակիի» 58-րդ տարելիցի օրը, երբ նահանգային զորքերը ծեծի էին ենթարկել խտրականության դեմ երթ կազմակերպած խաղաղ ցուցարարներին:

Բայդենի Սելմա այցի նպատակներից է ընդգծել իր նվիրվածությունը սևամորթ ընտրողներին՝ 2024 թվականի ընտրություններին իր վերընտրման հնարավոր հայտից առաջ:

Հարկ է նաև նշել, որ նախագահի ուղևորությունը տեղի է ունենում Կոնգրեսում քվեարկողների իրավունքի մասին նոր օրենսդրություն ընդունելու ջանքերի ձախողումից հետո:

Նախագահը ելույթ ունեցավ Էդմունդ Պետուսի կամրջի մոտ, որտեղ 1965 թվականին պետական զինվորները մահակներով հարվածել և արցունքաբեր գազ էին օգտագործել քվեարկելու իրավունքների համար երթի մասնակիցներին, այդ թվում՝ սևամորթ քաղաքացիական իրավունքների ակտիվիստի Ջոն Լյուիսին, ով հետագայում դարձել էր ԱՄՆ կոնգրեսական:

Այս դաժանությունների լուսաբանումը ցնցել էր Ամերիկայի ժողովրդին և օգնել էր 1965 թվականին քվեարկության իրավունքի մասին օրենքի ընդունմանը:

Ելույթի ժամանակ, Բայդենը հղում է կատարել նախագահի պոտենցիալ թեկնածու՝ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսին և այլ հանրապետականների, ովքեր քննադատել և նույնիսկ արգելել են որոշ կրթական ջանքեր՝ ռասիզմի և ստրկության վերաբերյալ.

«Անկախ ոմանց ջանքերին, մենք չենք կարող պարզապես ընտրել այն, ինչ ուզում ենք իմանալ, այլ ոչ թե այն, ինչ պետք է իմանանք», - նշել է Բայդենը։ «Մենք պետք է սովորենք լավը, վատը, և մեր ազգովի ով լինելը»:

Հիշեցնենք, որ ԴեՍանտիսը վերջերս մերժել էր ավագ դպրոցներում աֆրոամերիկյան ուսումնասիրությունների վերաբերյալ նոր դասընթացի միտքը` պնդելով, որ այն պարունակում է քաղաքական այնպիսի օրակարգ, որը քննադատության է արժանանում քաղաքացիական իրավունքների ղեկավարների և մանկավարժների կողմից:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG