Մատչելի հղումներ

Ուկրաինան լինելու է Բլինքենի կողմից Չինաստան կատարելիք այցի թեմաներից մեկը


ԱՄՆ-ը և Չինաստանը պատրաստվում են այս տարի Բայդեն-Սի Ծինփին հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջիկա այցը Պեկին չի նշանակում, որ ԱՄՆ-ը շարժվում է դեպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերություններում էական փոփոխություններ, ասում են ամերիկացի վերլուծաբանները:

Այս շաբաթավերջին Բլինքենը կդառնա ԱՄՆ-ի դիվանագիտական կորպուսի առաջին ղեկավարը, որը կայցելի Պեկին 2018 թվականից ի վեր։

Միևնույն ժամանակ, երկու երկրների պաշտոնյաները պատրաստվում են այս տարի ևս մեկ դեմառդեմ հանդիպման իրենց առաջնորդների միջև, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ:

Այնուամենայնիվ, քիչ հույս կա, որ Բլինքենի հանդիպումները ՉԺՀ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ զգալի արդյունքներ կտան կամ կհանգեցնեն երկու երկրների միջև փխրուն հարաբերությունների վերականգնմանը:

«Չեմ կարծում, որ այս ուղևորության արդյունքում զգալի առաջընթացի մեծ հույսեր պետք է ունենալ», - ասում է Ջուդ Բլանշեթը, Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետը:

«Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ դա վատ բան է, հաշվի առնելով, թե որքան են վատթարացել հարաբերությունները վերջին հինգ տարիների ընթացքում», - ասել է Բլանշեթը լրագրողներին երկուշաբթի երեկոյան՝ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ:

Հունվարին, ելույթ ունենալով Չիկագոյի համալսարանի քաղաքականության ինստիտուտում, Բլինքենն ասել է, որ հաղորդակցության բաց գծերը կարող են անվտանգության ցանց ծառայել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածության աճի պայմաններում՝ հավելելով, որ լարվածությունը փոքր ինչ թուլացել է 2022 թվականի օգոստոսին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ նախկին խոսնակ Նենսի Փելոսիի կողմից Թայվան կատարած այցից հետո:

Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկ տարին։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ շատ հստակ բացատրել է Չինաստանին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետ պատերազմում ռազմական և նյութական օգնության տրամադրման հետևանքները։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժի ենթարկեց չինական ընկերությանը՝ Տիանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտին (Չանգշա), որը նաև հայտնի է որպես Spacety China, Ուկրաինայի արբանյակային պատկերներ տրամադրելու համար Կրեմլի հետ կապված մասնավոր ռազմական «Վագներ» ընկերությանը:

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Լյուքսեմբուրգում գտնվող Spacety China դուստր ձեռնարկությունը:

ԱՄՆ պաշտոնյաներն ու Չինաստանի փորձագետները հայտարարել են, որ Պեկինում կայանալիք Բլինքենի հանդիպումներում քննարկվելու է Ուկրաինայում ռուսական պատերազմը։

«Չինաստանի ներսում Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ Չինաստանի քաղաքականության մասին բանավեճը ամենաթեժ թեմաներից մեկն է, որին ես հանդիպել եմ այնտեղ գտնվելու ժամանակ», - ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Չինաստանի բիզնեսի և տնտեսագիտության բաժնի ավագ խորհրդական Սքոթ Քենեդին:

«Չինաստանի փորձագիտական հանրությունից շատերը կարծում են, որ Չինաստանը ռազմավարական սխալ է թույլ տվել»,- հավելել է նա։

Սակայն հրապարակայնորեն չինացի պաշտոնյաները հավատարիմ են մնում Պեկինի դիրքորոշմանը:

«Միացյալ Նահանգներն է սկսել ուկրաինական ճգնաժամը և հանդիսանում է դրան նպաստող հիմնական գործոնը», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։

XS
SM
MD
LG