Այս փոքրիկ կիսահաղորդչային չիպերն առանցքային են տեխնոլոգիական գերակայության համար պայքարում, և ԱՄՆ-ը ցանկանում է դժվարացնել չինական ընկերությունների համար դրանց ձեռք բերելու հնարավորությունները: Նախագահ Ջո Բայդենը փորձում է համոզել դաշնակից երկրների ղեկավարներին, ներառյալ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին, միանալ չիպերի տեխնոլոգիաները Չինաստան արտահանելու ամերիկյան արգելքին:
«Այսօր ես անհամբեր սպասում եմ մեր քննարկմանը, թե ինչպես կարող ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները և ապահովել մեր մատակարարման շղթաները՝ ամրապնդելու մեր տրանսատլանտյան գործընկերությունը»,- նշում է նախագահ Ջո Բայդեն:
Նիդեռլանդներում է գտնվում ASML-ը, որն արտադրում է աշխարհի ամենաառաջադեմ կիսահաղորդչային լիտոգրաֆիայի համակարգեր, որոնք անհրաժեշտ են առաջադեմ չիպեր արտադրելու համար: Բայդենը ցանկանում է, որ Նիդեռլանդներն աջակցի չիպերի արտահանման ամերիկյան արգելքին, որը գործարկվել է Չինաստանի նկատմամբ հոկտեմբերին, սակայն, ամենայն հավանականությամբ, այս առումով Ռուտեի հետ հանդիպմանը որևէ առաջընթաց հնարավոր չդարձավ գրանցել:
«Մենք մեր դաշնակիցներից և գործընկերներից որևէ մեկին չենք դրդում: Մենք սերտորեն խորհրդակցում ենք նրանց հետ, և նրանք են կայացնում իրենց որոշումները»,- հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիեռը:
Դեպի Չինաստան տեխնոլոգիաների մատակարարումները դադարեցնելու ԱՄՆ-ի ջանքերը սկիզբ են առել դեռևս Թրամփի վարչակազմի օրոք: Բայդենը փորձում է համախմբել դաշնակիցներին այս հարցում, հատկապես այն ընկերություններին, որոնք առանցքային դեր են խաղում ոլորտի մատակարարման շղթայում:
Անցյալ շաբաթ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ աջակցում է Բայդենի ջանքերին, բայց չի համաձայնվել լայնածավալ սահմանափակումների հետ:
«Սա մեծ քայլ է, և, հետևաբար, պետք է լինի համակարգում, քանի որ դա ազդում է մատակարարման շատ բարդ համաշխարհային շղթայի վրա: Դա լուրջ վերադասավորում է, ուր առկա են ռազմավարական լուրջ մանրամասներ, որոնք պետք է հաշվի առնվեն»,- ասում է CSIS-ի Renewing American Innovation ծրագրի տնօրեն Սուջայ Շիվակումարան։
Միևնույն ժամանակ, Ռյուտեն չի նշել կիսահաղորդիչների խնդիրը՝ փոխարենը կենտրոնանալով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վրա, որտեղ ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասին համագործակցում են Կիևին աջակցելու համար:
«Եկեք համախմբված մնանք այս տարի, և հուսով ենք, որ ամեն ինչ առաջ կգնա Ուկրաինայի համար ընդունելի ճանապարհով»,- նշել է Ռյուտեն:
Հուլիսին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց CHIPS Act փաստաթուղթը, որը տրամադրում է 52 միլիարդ դոլար՝ ներքին կիսահաղորդիչների արտադրությունը, դիզայնը և հետազոտությունը խթանելուն:
Պեկինը նույնպես մեծ ներդրումներ է կատարում: 2015 թվականին այն նախատեսում էր 1,4 տրիլիոն դոլար ներդնել առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ նպատակ ունենալով մինչև 2025 թվականը հասնել կիսահաղորդիչների 70% ինքնաբավության:
Հոդվածը պատրաստվել է Սպիտակ տանն «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Փեթսի Վիդակուսվարայի նյութի հիման վրա