Մատչելի հղումներ

Պետքարտուղարություն. Չինաստանը միջազգային կարգի ամենալուրջ մարտահրավերն է


Բայդենի վարչակազմը պնդում է, որ թեև ԱՄՆ-ը չի ձգտում առճակատման Պեկինի հետ, Չինաստանի քաղաքականությունը դառնում է ավելի ագրեսիվ

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ նույնիսկ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմով, հաստատված աշխարհակարգի համար ամենալուրջ սպառնալիքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն է։ Նրա խոսքով՝ ՉԺՀ-ն 10 տարի ղեկավարած Սի Ցզինպինի նախագահության ժամանակ «Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցությունը երկրի ներսում դարձել է ավելի ռեպրեսիվ, իսկ դրսում՝ավելի ագրեսիվ»։

Որպես օրինակ՝ Բլինքենը նշել է Պեկինի ջանքերը՝ «խզելու Թայվանի հարաբերություններն այլ երկրների հետ և արգելափակելու նրա մասնակցությունը միջազգային կազմակերպություններում»։

Միաժամանակ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Սպիտակ տան նման դիրքորոշումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը պատրաստվում է դիմակայել Չինաստանին։

Բլինքենը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է ղեկավարել միջազգային բլոկ, որը ոչ միայն կհակազդի Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, այլև ներկայացնում է պետությունների ավելի լայն կոալիցիա՝զսպելու Չինաստանի կողմից միջազգային կարգի համար աճող երկարաժամկետ սպառնալիքները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերին, Չինաստանի մի շարք դիվանագետներ սոցիալական ցանցերում կատարած իրենց հրապարակումներում ուղակիորեն մեղադրում էին ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և Արևմուտքին հակամարտության բռնկման մեջ:

«Մենք չենք փնտրում հակամարտություն կամ նոր սառը պատերազմ, ընդհակառակը, մենք վճռականորեն ցանկանում ենք խուսափել երկուսից», - ասել է պետքարտուղարը: «Մենք չենք ձգտում արգելափակել Չինաստանի դերը որպես առաջատար տերություն կամ խոչընդոտել Չինաստանին, կամ, իսկապես, որևէ այլ երկրի, զարգացնել իրենց տնտեսությունը և հետապնդել իրենց ժողովուրդների շահերը:

Չինաստանի իշխանությունները քննադատել են պետքարտուղարության ղեկավարի ելույթը ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինն ասել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում «ապատեղեկատվություն տարածելու» և Չինաստանի քաղաքականությունը «զրպարտելու» համար։

XS
SM
MD
LG