ԱՄՆ առաջարկում է ստեղծել ժամանակավոր դատախազություն՝ հետաքննելու համար ՌԴ-ի իրականացրած հանցագործությունները Ուկրաինայում

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը կոչ է արել ստեղծել ժամանակավոր միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայում ագրեսիայի հանցագործության համար Ռուսաստանի հետաքննության և քրեական հետապնդման համար

Ինչպես միջազգային, այնպես էլ ուկրաինական դատարանները հետաքննում են ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ռուսաստանի կողմից անցյալ տարվա փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո։

Այժմ ուկրաինական իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են անում ստեղծել դատարան՝ Ռուսաստանին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու ագրեսիայի իրականացնելու հանցագործության համար:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հայտարարել է, որ դա անհրաժեշտ քայլ է։

«Ուկրաինան կոչ է անում ստեղծել ագրեսիայի իրագործելու հանցագործության համար ժամանակավոր հատուկ տրիբունալ՝ որպես պատասխանատվության ենթարկելու ամենաիրական և արդյունավետ ճանապարհ»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազը:

Your browser doesn’t support HTML5

Ուկրաինան կոչ է անում ստեղծել ՌԴ-ի ռազմական հանցագործությունները քննող ժամանակավոր հատուկ տրիբունալ

Կոստինն ասել է, որ միջազգային հանրության գործն է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը, քանի որ Ուկրաինայի դատական համակարգը չի կարող իրավական միջոցներ ձեռնարկել այլ երկրի ղեկավարների դեմ:

ՄԱԿ-ին ներգրավելու փորձերը խնդրահարույց է, քանի որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և կարող է վետո դնել գործ հարուցելու ցանկացած փորձի վրա:

ԱՄՆ պետքարտուղարությունը դիտարկում է տարբեր ձևաչափեր՝ պոտենցիալ միջազգային տրիբունալ ստեղծելու համար և առաջարկում, որ այս փուլում ստեղծվի ժամանակավոր դատախազություն.

«Այն կմիավորի ուկրաինացի դատախազներին այլ միջդիսցիպլինար և միջազգային փորձագետների հետ, որպեսզի սկսեն հավաքել տեղեկատվություն, որը կօգտագործվի ագրեսիայի հանցագործության համար քրեական հետապնդում սկսելու նպատակով»,- պնդում է Համաշխարհային քրեական արդարադատության ԱՄՆ-ի գլխավոր դեսպան Բեթ Վան Շաքը:

Քլինթ Ուիլյամսոնը` պատերազմական հանցագործությունների հարցերով ԱՄՆ նախկին դեսպանը, միջազգային թիմում է, որը կօգնի Ուկրաինային ռազմական հանցագործությունների հետապնդման հարցում: Նա շեշտում է Հաագայում գրասենյակ ունենալու կարևորությունը։

«Կարծում եմ՝ այս քննարկումներն առաջ են շարժվում, ու մարդիկ այլ տարբերակներ են դիտարկում, որոնցից մեկը ժամանակավոր դատախազության ստեղծումն է: Դա ճանապարհ կհարթի ի վերջո դեպի դատարանի ստեղծում»,- նշել է ԱՄՆ պատերազմական հանցագործությունների նախկին դեսպան Քլինթ Ուիլյամսոնը։

Նաև այս տարի, նախագահ Բայդենը ստորագրեց «Արդարադատություն պատերազմական հանցագործությունների արդյուքում զոհերի համար» օրենքը, որը հնարավորություն է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել ենթադրյալ ռուս ռազմական հանցագործներին ԱՄՆ-ում:

«Ըստ սկզբնական կանոնադրության՝ մենք կարող էինք քրեական պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործության համար միայն այն դեպքում, եթե զոհը կամ հանցագործը ամերիկացի է: Դա նշանակում էր, որ ուկրաինացի խաղաղ բնակիչների՝ կանանց, երեխաների, կալանավորված ռազմագերիների դեմ ռուսական ռազմական հանցագործություններից ոչ մեկը չի կարող հետապնդվել ԱՄՆ դատարաններում»:

Առայժմ արդարադատության անիվները դանդաղ են շարժվում, հատկապես միջազգային հարթակում, իսկ պաշտոնյաներն ասում են, որ կարող են տարիներ անցնել մինչև որևէ ենթադրյալ պատերազմական հանցագործ կանգնի դատարանի առջև:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Օլեքսի Կովալենկոյի նյութի հիման վրա