Երեխաների և մեծահասակների խոշտանգումներ, քաղաքացիական անձանց մահապատիժներ, ենթակառուցվածքների գնդակոծում, բռնի տեղահանում դեպի Ռուսաստան և բռնի մոբիլիզացիա: Ահա, թե ինչի են ենթարկվում Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքների բնակիչները։ Թե՛ Ուկրաինայում, թե՛ ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է պատերազմական հանցագործությունների մեղավորներին՝ սկսած անմիջական կատարողներից մինչև Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմին զոհ է դարձել խաղաղ ավելի քան 6000 բնակիչ։ Մարիուպոլի դիահերձարանների տվյալներով՝ գրանցվել է 87000 մահ, ևս 26000-ը գտնվում են զանգվածային գերեզմաններում։ Այս տվյալները հաստատել կամ հերքել հնարավոր չէ, քանի որ Մարիուպոլը գտնվում է ռուս զինվորականների վերահսկողության ներքո։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ զոհվել է 447 երեխա, ավելի քան 850-ը՝ վիրավորվել: Ուկրաինայի ավելի քան 13000 անչափահաս քաղաքացիներ արտաքսվել են Ռուսաստան։ Ռուսական բանակը ոչնչացնում է քաղաքները, ռմբակոծում ծննդատները, մանկապարտեզները, թանգարաններն ու եկեղեցիները։
Ռուսաստանում ցանկանում են փոփոխել քրեական օրենսգիրքը, որը կվերացնի Ուկրաինայի օկուպացված տարածքներում մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունը։
Իռլանդիայի արդարադատության նախկին նախարար Ֆրենսիս Ֆիցջերալդն ասում է. ‘’Այժմ քննիչները ապացույցներ են հավաքում ապագա դատարանի առջեւ այս մեղավորներին կանգնեցնելու համար’’:
American Enterprise հաստատության փորձագետ Էլիզաբեթ Բրաունի խոսքերով էլ, ռազմական հանցագործության մեջ ներգրավվածությունը հաստատելը երկար և դժվար գործընթաց է:
Նա հիշեցնում է Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի օրինակը, որը, փաստորեն որեւէ մեկի չէր սպանել, սակայն դատապարտվեց անուղղակի ապացույցների հիման վրա։
Ամերիկացի օրենսդիրները, նրանց թվում հանրապետական կոնգրեսական Գրեգ Մըրֆին հայտարարում են, որ ‘’Այս պահին ամբողջ աշխարհում պարզ է, որ ռուս զինվորականները, եւ հենց ինքը` Վլադիմիր Պուտինը պետք է մեղադրվեն և դատապարտվեն ռազմական հանցագործությունների համար’’:
Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բիլ Քիթինգը 117-րդ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացրել՝ աջակցելու Միջազգային քրեական դատարանի կողմից շարունակվող միջազգային դատական հետաքննություններին:
‘’Այս օրինագիծը թույլ կտա ԱՄՆ-ում գտնվող ուկրաինացի փախստականներին ցուցմունքներ տալ Միջազգային քրեական դատարանի քննիչներին: Մենք նաեւ կոչ ենք արել Միացյալ Նահանգների նախագահին ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ աջակցելու նման հատուկ տրիբունալի ստեղծմանը’’, ասել է նա:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նույնպես հանդես է եկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հայտարարությամբ: ‘’Չափազանց կարևոր է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր իրականացրել են հանցագործությունները եւ նրանց, ովքեր եղել են պատվիրատուները’’: Այս մասին ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Անդրեա Քալանը:
Հաագան, ամենայն հավանականությամբ կլինի այն վայրը, որտեղ կհիմնադրվի Ուկրաիանայի պատերազմի հարցերով միջազգային դատարանը: Սակայն շատ մեծ հարց է, թե արդյոք հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել Ուկրաինա ներխուժելու հրաման տված Ռուսաստանի առաջնորդին։
‘’Մենք պետք է դիմենք բոլոր հնարավոր միջոցներին, որպեսզի մեղադրյալի աթոռին կանգնեն Պուտինի նման առաջնորդները: Լինելու է շատ դժվար, բայց պատերազմի ավարտից հետո ջանք չեն խնայելու այդ ուղղությամբ’’, ասել է Ֆրենսիս Ֆիցջերալդը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու նախկին ռուսական տարածքում գտնվող անձանց շրջանում պատերազմը քարոզող անձանց, փորձագետներն ասում են, թե անհրաժեշտ կլինի ապացուցել, որ նրանց խոսքերը ոգեշնչել են ռուս զինվորականներին ռազմական հանցագործություններ կատարելու գործում։ Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, աճում է ռուսական առաջնային հեռուստաալիքներին պատասխանատվության ենթարկելու պահանջը, որոնք պատերազմն արդարացնելու համար հանդես են գալիս ծայրահեղ դաժան և անմարդկային հայտարարություններով: