ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը դաշինքի համար սպառնալիք է մնալու նույնիսկ Ուկրաինայում պարտության դեպքում

Ամեն դեպքում, Մոսկվան կփորձի վերականգնել ու ամրապնդել իր ներուժը, ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը

Ռուսաստանը կշարունակի սպառնալիք լինել ՆԱՏՕ-ի համար, նույնիսկ եթե նրա ուժերը պարտություն կրեն Ուկրաինայում, ասել է արևմտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականը:

«Ինչ էլ որ լինի պատերազմի արդյունքը, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կունենա նմանատիպ հավակնություններ, ուստի սպառնալիքը չի վերանա», - դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:

Չնայած պատերազմը սպառել է ռուսական զորքերը, տեխնիկան և զինամթերքը, ՆԱՏՕ-ի երկրներն ակնկալում են, որ Մոսկվան կփորձի վերականգնել և նույնիսկ ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները, ասել է Բաուերը:

«Ընդհանուր կարծիքն այն է, որ ռուսները կվերականգնեն այն, ինչ ունեին, դասեր կքաղեն այս հակամարտությունից և կփորձեն բարելավել այն, ինչ ունեցել են», - ասել է Բաուերը:

«Այնպես որ, դա, ամենայն հավանականությամբ, ազդեցություն կունենա մեր հետագա ծրագրերի վրա», - հավելել է նա:

ՆԱՏՕ-ն կգնահատի, թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանից իր ուժերը վերակառուցելու և բարելավելու համար, ասել է Բաուերը։

Սույն հոդվածը կազմվել է Reuters լրատվականից ստացված տեղեկության հիման վրա: