Մատչելի հղումներ

Լոնդոն. Բրիտանական տանկերը Ուկրաինայում կլինեն մինչև մարտի վերջ


Ներկայումս ուկրաինացի զինվորականները ինտենսիվ վերապատրաստման դասընթաց են անցնում «Չելենջեր 2» տանկերի շահագործման վերաբերյալ։

Ալեքս Չալքը, ով ղեկավարում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գնումների բաժինը, հինգշաբթի ասել է, որ Ուկրաինային խոստացված «Չելենջեր 2» տանկերը պետք է Կիև մատակարարվեն մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները ներկայումս ինտենսիվ վերապատրաստում են անցնում բրիտանական տանկերի շահագործման վերաբերյալ։

Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն էր, որ հայտարարեց Կիև տանկեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Նոյեմբերի 16-ին ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլասը հաստատել է Ուկրաինային 14 տանկ, մոտ 30 խոշոր ինքնագնաց հրացաններ, որոնք հայտնի են որպես AS90, ինչպես նաև զրահատեխնիկա, անօդաչու սարքեր, հրթիռներ և հրետանային արկեր տրամադրելու ծրագրերը։

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային 31 M1 Abrams տանկ մատակարարելու որոշման մասին, թեև ամերիկյան տանկերը ամենադժվարն են պահպանելը։ Համաձայնվելով այս որոշման հետ՝ ԱՄՆ-ը Գերմանիային համոզեց Ուկրաինային հանձնել իր ավելի հեշտ շահագործվող գերմանական Leopard 2 տանկերը։ Գերմանիան հայտարարեց իր զինանոցից 14 տանկ ուղարկելու և իր Leopard 2-ը ՆԱՏՕ-ի այլ երկրներից վերաարտահանելու որոշման մասին։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինան պետք է ստանա մոտ 100 Leopard 2 տանկ, որոնք կմատակարարվեն մոտ 3-4 ամսում, երբ ուկրաինացի զինվորականները պատրաստ կլինեն դրանք շահագործել։ Շուտով պետք է սկսվի նրանց վերաղատրաստումը Գերմանիայում, որը նաև լոգիստիկա կտրամադրի Leopard 2 տանկերի և զինամթերքի համար։

Սույն հոդվածը կազմվել է Reuters լրատվականից ստացված տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG