Սամիրա Գավհարին իրավաբանություն էր սովորում Քաբուլի համալսարանում, երբ թալիբները զավթեցին իշխանությունը 2021 թվականին: Թալիբանի օրենքների պատճառով նա այլևս չի կարող համալսարան հաճախել, բայց նա վճռական է տրամադրված իր կրթությունը ավարտելու հարցում:
22-ամյա Սամիրա Գավհարին՝ Քաբուլի համալսարանի իրավագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի էր, ով հանձնում էր իր ավարտական քննությունները, երբ լսեց, որ իշխող թալիբների կառավարությունը Աֆղանստանի համալսարաններին հրամայել է անհապաղ արգելել կին ուսանողների մուտքը բարձրագույն կրթական հաստատություն մինչեւ հետագա ծանուցում:
«Ես իսկապես ցնցված էի լսելով այդ լուրը: Ես չէի կարողանում հավատալ դրան։ Ես նույնիսկ հաջորդ օրը գնացի համալսարան՝ քննություն հանձնելու, բայց մեր առջեւ դռները փակ էին»,- պատմում է Սամիրան։
«Ես երբեք չեմ մոռանա այդ օրը։ Մենք շատ լաց եղանք և շատ հիասթափված էինք»,- նշում է նա։
Գավհարին, ով ցանկանում էր իրավաբան դառնալ՝ կանանց իրավունքները պաշտպանելու համար, ասում է, որ թալիբների օրոք Աֆղանստանում կանայք զուրկ են իրավունքներից։
Your browser doesn’t support HTML5
«Ցավոք, մենք կորցրել ենք մեր հիմնարար իրավունքները Աֆղանստանում, ներառյալ կրթության, աշխատանքի և անհատի ազատության»,- նկատում է Սամիրան:
Համալսարաններում կանանց մուտքն արգելելուց մի քանի օր անց թալիբներն արգելեցին երկրում գործող տեղական և արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպություններին աշխատանքի ընդունել կանանց:
Թալիբները, որոնք իշխանությունը զավթեցին 2021 թվականի օգոստոսին, ավելի ու ավելի ռեպրեսիվ միջոցներ են կիրառում կանանց նկատմամբ՝ արգելելով նրանց ստանալ կրթություն, աշխատել, առանց մերձավոր տղամարդ ազգականի ճանապարհորդել կամ հաճախել տարբեր վայրեր:
Չնայած այս բոլոր սահմանափակումների, որոնց արդյունքում Գավհարին ստիպված է մնալ տանը, նա վճռական է տրամադրված ուսումը շարունակելու հարցում:
«Ես մասնակցում եմ առցանց դասընթացների, որոնք առաջարկում են որոշ հայտնի հաստատություններ: Բացի այդ, ես կարդում եմ գրքեր, որոնք ինձ հետաքրքրում են և կարող են օգնել ինձ հասնել իմ նպատակներին»,- նշում է նա։
Գավհարին դեռ հույս ունի, որ մի օր կավարտի իր իրավաբան մասնագիտությամբ ուսումը և կաշխատի Աֆղանստանում որպես իրավաբան։
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի աֆղանական ծառայության համար նյութ պատրաստած Նազրանա Ղաֆֆար Յուսուֆզայիի հրապարակման հիման վրա: