Հազարավոր մարդիկ բանտարկված էին Բագրամի բանտում, որը նաև հայտնի է որպես Փարվանի կալանավայր: Բանտարկյալների թվում էին թալիբներ, Հաքքանի ցանցի անդամներ, Իսլամական պետության գրոհայիններ և օտարերկրյա ահաբեկիչներ:
Աֆղանստանի նախկին դատախազներն ու Բագրամի կալանավայրի աշխատակիցներն այժմ հայտարարում են, որ մտահոգվածեն թալիբների կողմից հնարավոր հաշվեհարդարների պատճառով:
Հաստատության նախկին դատախազը, ով խնդրել է գաղտնի պահել իր ինքնությունը, «Ամերիկայի ձայն»-ին ասել է, որ նա և իր գործընկերներն այժմ ստիպված են թաքնվել:
«Նրանք ճանաչում են մեզ և մեր դեմքերը: Վստահ եմ, որ նրանք այժմ փնտրում են մեզ: Եթե նրանք իմանան, թե որտեղ ենք մենք, ապա նրանք մեզ կթիրախավորեն: Նրանք մեր նկատմամբ ողորմություն չեն ցուցաբերի: Թալիբանի էմիրությունը հայտարարել է համընդհանուր համաներում, բայց որտե՞ղ է այդ համաներումը»,- ասել է իր անձը գաղտնի պահած նախկին դատախազը:
Օգոստոսին իշխանությունը զավթելուց հետո թալիբները համատարած համաներում էին խոստանում, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ խմբավորումը իրականացնում է նախկին դատական համակարգի պաշտոնյաների սպանություններ առանց դատարանի որոշման:
Օգոստոսին Քաբուլը «Թալիբան» շարժման վերահսկողության տակ անցնելուց մի քանի օր առաջ, Բագրամի կալանավայրում աշխատող երկու դատախազներ սպանվեցին Քաբուլում:
Աֆղանստանի նախկին դատախազների խոսքով ՝ նրանք վերջին 20 տարում եղել են «Թալիբան» շարժման հիմնական թիրախներից մեկը:
«Այն ժամանակ, երբ նրանք ահաբեկչական խումբ էին, նրանք մեզ թիրախավորում էին: Այժմ, երբ նրանք իշխանություն են, մեզ հանգիստ չեն թողնի: Նրանք մեր ընտանիքներին հանգիստ չեն թողնի: Թույլ չեն տա աշխատել: Մենք այստեղ ապահով չենք»,- ասում է նախկին դատախազը:
Բագրամի կալանավայրի նախկին աշխատակիցները խնդրում են միջազգային հանրությանը նրանց տեղափոխել ավելի ապահով վայր: Աշխատակիցները խնդրել են գաղտնի պահել իրենց ինքնությունը:
Աֆղանստանի կին իրավապահները նույնպես ազդարարում են թալիբների և տասնյակ հազարավոր նախկին բանտարկյալների կողմից իրենց սպառնացող վտանգների մասին:
Facebook Forum