Աֆղանստանի Թալիբան շարժման ղեկավարները կոչ են արել, որպեսզի իրենք եւս ստանան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթով հանդես գալու իրավունք: Ինչպես ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք են ասել, այդ հարցերով զբաղվող հանձնաժողովը կքննարկի թալիբների դիմումը, սակայն դժվար թե նրանք այդ իրավունքը ստանան այս նստաշրջանում:
‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում Թալիբանի խոսնակ Սուհել Շահինն ասել էր, թե Թալիբանն ու ԱՄՆ-ը հակառակորդներ են եղել պատերազմի ժամանակ, երբ ‘’Աֆղանստանը գրավված էր’’: Սակայն, ասել էր նա, հիմա իրադրությունն այլ է: ‘’Մենք նոր փուլ ենք անցել եւ այդ փուլում շատ բան կախյալ է ԱՄՆ-ից, թե արդյոք այն կմասնակցի Աֆղանստանի վերակառուցմանը, աղքատության վերացմանը: Ու եթե ուզում են ներդրումներ կատարել մեզ մոտ, մենք պարզապես կողջունենք այն’’, ասել էր նա:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւս խոսում է նոր փուլի մասին եւ այս մասին նա հայտարարեց ՄԱԿ-ում իր ելույթում:
‘’Մենք այժմ բաց ենք անում անկոտրում դիվանագիտության նոր ժամանակաշրջան, որի ընթացքում կիրառելու ենք զարգացման ու ժողովրդավարության նպատակով մեր օժանդակությունն աշխարհի տարբեր հատվածներում’’, ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Կատարի էմիրն իր հերթին նախազգուշացնում է Թալիբանին մեկուսացնելու վտանգների մասին: Նա կոչ է անում աշխարհին շարունակել Աֆղանստանին տրվող օգնությունը եւ տարանջատել մարդասիրական օգնությունը քաղաքական տարբերություններից: ‘’Հարկավոր է շարունակել երկխոսությունը Թալիբանի հետ, քանի որ բոյկոտելը միայն կտանի դեպի բեւեռացում եւ հակազդեցություն’’, ասել է նա:
Աֆղանստանում այսօր ամենամեծ խնդիրներից մեկը կանանց իրավունքներն են: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի խոսքերով, կարեւոր է, որ Աֆղանստանում աղջիկներն ու տղաներն ունենան սովորելու հավասար իրավունքներ: ‘’Մենք չափազանց անհանգստացած ենք, որ մեծաթիվ աղջիկներ այսօր չունեն դպրոց հաճախելու իրավունք’’, ասել է նա:
Թալիբանը հայտարարում է, թե հոգեւոր գիտնականները պիտի որոշեն, թե ինչպես են աղջիկներն Աֆղանստանում հաճախելու դպրոց: Այն հրահանգել է, որ տղաներն այս շաբաթվանից վերսկսեն դասերը, սակայն ոչինչ չի հայտարարվել աղջիկների կամ կանանց ուսումը շարունակելու մասին: