Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամաբ՝ հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցեր։
Հայկական կողմի հաղորդմամբ՝ «ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան հետ վերադարձնելու նպատակով»:
Ըստ հաղորդագրության՝ Միրզոյանը Ստոլտենբերգին է նաև ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առկա զարգացումները:
Your browser doesn’t support HTML5
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստան և Ադրբեջան էր այցելել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը: Ըստ ՆԱՏՕ-ի մամլո հաղորդագրության՝ այցը այս երկու կարևոր գործընկեր երկրներում կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների համատեքստում էր:
«Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Պարոն Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության գործում։
Պարոն Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Նա ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը: Պարոն Կոլոմինան ողջունել է նաև Եվրամիության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում», տեղեկացնում է ՆԱՏՕ մամլո հաղորդագրությունը: