Ուկրաինան հինգշաբթի դիմել է իր արևմտյան դաշնակիցներին՝ տանկեր տրամադրելու խնդրանքով, որոնք պետք է օգնեն ուկրաինական ուժերին որոնք պետք է օգնեն ուկրաինական ուժերին ռուսական բանակի դեմ պայքարում: Վերջիններս, ըստ ուկրաինական կողմի, ունեն «զորքերի, զենքի և ռազմական տեխնիկայի զգալի քանակական առավելություն»:
Համատեղ հայտարարության մեջ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան և պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը երախտագիտություն են հայտնել 50 երկրներին, որոնք օգնել են ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը։
Այնուամենայնիվ, նրանք ասացին, որ մոտ մեկ տարի առաջ սկսված ռուսական ներխուժման դեմ պայքարի ամենահրատապ կարիքներից մեկը Ուկրաինային ժամանակակից զրահատեխնիկայի տրամադրումն է և ուկրաինական բանակը համալրումը արևմտյան տանկերով՝ մանևրելու ավելի լավ հնարավորություններ ստեղծելու համար:
Կուլեբան և Ռեզնիկովը ողջունել են Մեծ Բրիտանիայի՝Կիևին «Չելենջեր 2» տանկեր տրամադրելու քայլը՝ միաժամանակ կոչ անելով երկրներին, որոնք ունեն գերմանական «Լեոպարդ 2» տանկեր, տրամադրել դրանք Ուկրաինայի բանակին:
«Մենք երաշխավորում ենք, որ այդ զենքերը կօգտագործենք պատասխանատվությամբ և բացառապես միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով»,- ասել են նախարարները։
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան իր հերթին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ընդգծում է. «Մենք ակնկալում ենք ավելի շատ անվտանգության աջակցություն Միացյալ Նահանգներից, ինչպես նաև ակնկալում ենք ավելի շատ որոշումներ ստանալ խմբի մյուս անդամներից: ... Ռազմական գործողությունների ամեն մի շրջան ունի իր կարիքները: Ցավոք, որպեսզի ավելի արագ հասնենք արդարության, մեզ այժմ անհրաժեշտ է ավելի շատ զենք, ուստի սա այն է, ինչ մենք քննարկում ենք մեր գործընկերների հետ: Սա այն է, ինչ մեզ պետք է: Հուսով ենք, որ կտրամադրվեն ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ, ավելի շատ հրետանի, ավելի շատ տարբեր տեսակի զրահատեխնիկա ու տանկեր: Որքան ավելի շատ տեխնիկա տանանք, այնքան ավելի շուտ կարող ենք իրականում ավարտել այս պատերազմը: Եթե հարց հնչի, թե որոնք են ամենամեծ առաջնահերթությունները ռազմաճակատում, ապա դրա արագ պատասխանն է՝ վերը նշված ամենը»,- ասել է ուկրաինաի դիվանագետը:
Ամերիկացի մի պաշտոնյա, ով զրուցել է Associated Press-ի հետ և գերմանացի մեկ այլ պաշտոնյա, ով խոսել է Reuters-ի հետ, ասել են, որ Գերմանիան թույլ կտա Leopard 2 տանկերն ուղարկել Ուկրաինա, եթե ԱՄՆ-ը համաձայնվի տրամադրել իր Abrams տանկերը:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այցելել է Գերմանիա՝ Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսի և ԱՄՆ գլխավորած Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հետ հանդիպելու համար՝ Ուկրաինայի պաշտպանության կարիքները քննարկելու նպատակով:
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ը կհայտարարի ավելի քան 2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է Stryker զրահամեքենաներ, բայց ոչ Abrams տանկերը:
Պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են սարքավորումներ, որոնք կօգնեն ճեղքել ռուսական ամրացված գծերը: Բայց նա նաև նշեց, որ Abrams տեսակի տանկերը լավագույն օգնությունը չեն այս պահին՝ մատնանշելով դրանց օգտագործման և պահպանման հնարավոր մարտահրավերները:
«Այն բաներից մեկը, որի վրա շատ կենտրոնացած է եղել քարտուղար Օսթինը, այն է, որ մենք չպետք է ուկրաինացիներին տրամադրենք համակարգեր, որոնք նրանք չեն կարող վերանորոգել կամ պահպանել, և որ նրանք երկարաժամկետ հեռանկարում չեն կարող իրենց թույլ տալ, քանի որ դա օգտակար չէ», - ասաց Քալը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել Էստոնիային և Շվեդիային՝ ռազմական օգնության նոր փաթեթների մասին հայտարարությունների համար։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ իր կառավարությունը հաուբիցներ, նռնականետեր և զինամթերք է ուղարկում, որը «մինչ այժմ ծանր սպառազինությունների իր ամենամեծ օգնության փաթեթն է Ուկրաինային»:
Զելենսկին օգնությունն անվանել է «ներդրում մեր ընդհանուր հաղթանակի մեջ»։
Շվեդիան հինգշաբթի հայտնել է, որ ուղարկում է զրահապատ հետևակի մարտական մեքենաներ և հակատանկային զենքեր՝ որպես 419 միլիոն դոլարի օգնության փաթեթի մի մաս:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հինգշաբթի օրը նշել է, որ մեկնում է Կիև՝ հանդիպելու Զելենսկիի և այլ պաշտոնյաների հետ։ Twitter-ում հրապարակված տեսանյութում Միշելն ասում է, որ ուկրաինացիները «պայքարում են իրենց հողի համար, նրանք պայքարում են իրենց և իրենց երեխաների ապագայի համար», ինչպես նաև «մեր ընդհանուր եվրոպական արժեքների և սկզբունքների համար»:
«Նրանք մեր աջակցության կարիքն ունեն և արժանի են դրան, և այդ պատճառով մենք կրկին կքննարկենք նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ, թե կոնկրետ ինչ միջոցներ կարող ենք տրամադրել, որպեսզի համոզվենք, որ նրանք ավելի ուժեղ և հզոր են», - ասել է Միշելը:
Հոդվածը պատրաստվել է Associated Press, Agence France-Presse և Reuters գործակալությունների նյութերի հիման վրա