Հունվարի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է.
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գերճշգրիտ զինատեսակներով «օտարերկրյա լեգեոնի» ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետերի գրոհների արդյունքում ավելի քան 70 օտարերկրյա վարձկաններ են ոչնչացվել և 100-ից ավելին վիրավորվել Մարկովոյում և Կրամատորսկում (Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն), ինչպես նաև Նովոոսինովոյում (Խարկովի մարզ)»։
Հունվարի 3-ին ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը մեջբերել է Կոնաշենկովի խոսքերը, որը հավելել է, որ նման հարվածների թիվը ավելի շատ է եղել.
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գերճշգրիտ հարվածներով «օտարերկրյա լեգեոնի» ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետերին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի՝ Մասլյակովկայի և Կրամատորսկ քաղաքի շրջակայքում ոչնչացվել են ավելի քան 130 օտարերկրյա վարձկաններ»։
ՌԴ ՊՆ-ի այս կեղծ տեղեկատվության մասին պատմում է «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։
Ստի ապացույցները
Նախ, Կոնաշենկովը այդ թվերը հաստատող որևէ մանրամասն կամ ապացույց չի ներկայացրել։ Երկրորդը՝ որևէ միջազգային լրատվամիջոց կամ անկախ աղբյուր չի հայտնել ուկրաինական կողմից այդպիսի զանգվածային զոհերի մասին։
Ուկրաինան հայտարարում է, որ այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց իր լայնամասշտաբ ներխուժումը անցյալ տարվա փետրվարին, ավելի քան 20,000 օտարերկրյա կամավորներ մոտ 52 երկրներից արձագանքել են նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչին՝ գալ և օգնել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։
«Ռուսական պնդումները իբր օրական հարյուրավոր օտարերկրյա կամավորների ոչնչացման մասին անհեթեթ ուռճացված են», հայտարարել է ամերիկացի նախկին ծովային հետևակային և «Ծովային հետևակայինների համար շարժվող թիրախ՝ Ուսամա բեն Լադենին ոչնչացման առաքելության չպատմված պատմությունը» (New York Times, «SEAL Target Geronimo: The Inside Story of the Mission to Kill Osama Bin Laden») գրքի հեղինակ Չակ Փֆարերը։
Polygraph.info-ն խնդրել է Փֆարերին, որն ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և կապեր է պահպանում ԱՄՆ-ից և այլ պետություններից այնտեղ մարտնչող կամավորների հետ, գնահատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդումները այդ զորախմբի մեջ զոհվածների թվի վերաբերյալ։
«Միջազգային կամավորական կազմավորումները կազմում են Ուկրաինայի զինված ուժերի միայն մոտ 6%-ը։ Օտարերկրյա կամավորների զգալի մասը ծառայում է ոչ թե առաջնագծում, այլ ուրիշ ստորաբաժանումներում։ Սոցիալական ցանցերում ամեն շաբաթ հաղորդվում է հինգից տասը զոհերի մասին օտարերկրյա կամավորների շրջանում, իսկ վիրավորների թիվը երեք անգամ ավելի շատ է, քան սպանվածներինը», պարզաբանել է Փֆարերը:
Այս ստի պատճառները
Ռուսաստանի ՊՆ պնդումներն արվել են Ամանորի գիշերը ուկրաինական զորքերի կողմից Մակեևկա քաղաքի վրա HIMARS-ից ավերիչ հարվածից հետո։ Ուկրաինան հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է մոտ 400 ռուս զինծառայող։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաջորդ օրը հաստատել է հարվածի փաստը և խոստովանել, որ գրոհի հետևանքով զոհվել են 63 ռուս զինծառայողներ, սակայն արդեն հունվարի 4-ին ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել է 89 զոհերի մասին։
Հունվարի 1-ին Reuters գործակալությունը հաղորդել է, որ թեև չի կարող ճշգրիտ հաստատել, թե քանի ռուս զինծառայող է զոհվել Մակեևկային հասցված հարվածի արդյունքում, իր տեղեկություններով՝ ռուս լրագրողներն ու օրենսդիրները վիճարկում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության թվերը՝ պնդելով, որ զոհերի իրական թիվը ավելի մեծ է եղել։
Մակեևկայի վրա հարվածից հետո «գեներալ Կոնաշենկովը, ամենայն հավանականությամբ, «երևակայում էր վրեժխնդրության մասին»՝ պնդելով, որ Ուկրաինայում մարտնչող հարյուրավոր օտարերկրյա կամավորներ սպանվել են հունվարի 2-3-ը», նշել է Փֆարերը:
«Ուկրաինական կողմից օտարերկրացիների կորուստների մասին ռուսական պաշտոնական հաղորդագրությունները կասկած են հարուցում, առաջին հերթին, քանի որ նրանց «ճշգրիտ հաշվարկը» ենթադրում է, որ Ռուսաստանը գրավել է ուկրաինական տարածքի շատ ավելի մեծ տեղամասեր, երկրորդը, որ ուկրաինացի զինվորները լքել են իրենց զոհված զինակիցներին մարտի դաշտում, և երրորդը, որ հայտնաբերված մարմինների մոտ կային անձնագրեր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ նրանք օտարերկրյա կամավորներ են եղել», պարզաբանել է Փֆարերը։
«Սակայն ռուսական ուժերի հաջողություններն աննշան են եղել, այն դեպքում, երբ ուկրաինացիները մշտապես բծախնդիր են եղել իրենց վիրավորներին, ինչպես նաև մահացածների մարմինները վերադարձնելու հարցում։ Ռուսաստանի պնդումները խիստ չափազանցված են», վստահորեն ավելացրել է նա:
Կրեմլը վաղուց է «երևակայում» Ուկրաինայում օտարերկրյա լեգեոնի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հանդես է եկել Ուկրաինայում մարտնչող օտարերկրյա կամավորներին հասցված հարվածների վերաբերյալ համանման ուռճացված պնդումներով:
Դեկտեմբերի 24-ին Կոնաշենկովը հայտնել էր, որ Ուկրաինայում ռուսական զորքերը ոչնչացրել են 150 օտարերկրյա կամավորների։ Նոյեմբերի 25-ին նա պնդում էր 100-ից ավելի օտարերկրացիների, իսկ մինչ այդ՝ օգոստոսի 9-ին՝ 335 օտարերկրյա կամավորների վերացման մասին։ Այս զոհերի որևէ թիվ անկախ կերպով չի հաստատվել։
Մարտին Ռուսաստանը հայտարարում էր, որ 180 օտարերկրյա կամավոր է ոչնչացրել Ուկրաինայի արևմուտքում Յավորիվում գտնվող ուսումնական ճամբարի վրա հրթիռային հարձակման ժամանակ։ New Yorker ամսագիրը հաղորդել է, որ այդ հարվածն իսկապես «արյունալի բաղնիք» էր, որի հետևանքով զոհվել են ուկրաինացի զինվորականներ, բայց ոչ՝ օտարերկրացիներ։
Harvard International Review-ն հաղորդել է, որ Ուկրաինայում մարտնչող օտարերկրացիների մեծ մասը գործում է գաղափարական նկատառումներով, այլ ոչ թե գումարի դիմաց: Եվ, ի տարբերություն ռուսական «Վագների ՄՌԸ»-ի վարձկանների, Ուկրաինայի պաշտպաններն ամբողջ աշխարհից ներգրավված են ուկրաինական բանակում՝ որպես «Օտարերկրյա լեգեոն», իսկ որոշ ստորաբաժանումներ նույնիսկ ինտեգրված են կանոնավոր ուկրաինական զորքերին։
«Կիևի կառավարության հետ օտարերկրյա զինվորական կամավորների ստորագրած պայմանագիրը նրանց դարձնում է ուկրաինացի զինծառայող և նրանց տալիս է նույն արտոնությունները, ինչ տեղի զինվորականներին՝ բժշկական սպասարկում, ամսական մոտ 1200 դոլար բազային աշխատավարձ [կյանքի համար վտանգավոր աշխատանքի դիմաց հավելյալ վարձատրությամբ] և, «Ժնևի կոնվենցիաների» համաձայն՝ նրանց շնորհում է մարտիկի օրինական կարգավիճակ», պատմել է The New Yorker-ը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին:
Իսկ Ռուսաստանը կանոնավոր կերպով փորձում է Ուկրաինայում մարտնչող օտարերկրյա կամավորներին պիտակավորել՝ անվանելով «օտար վարձկաններ», որպեսզի նրանց զրկի 1949 թվականի «Ժնևի կոնվենցիաներով» երաշխավորված պաշտպանությունից, անցյալ տարի սեպտեմբերին հաղորդել է Harvard International Review պարբերականը: