Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը հաջորդ շաբաթ կհանդիպի Գերմանիայում

Նիստը վարելու է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը

Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ հավաք կկազմակերպի Գերմանիայում իր դաշնակիցների հետ՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով բանակցությունների նոր փուլի մեկնարկի համար:

Այս մասին հայտնում են ամերիկյան Ramstein ավիաբազայի ներկայացուցիչները։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հունվարի 20-ին Ռամշտեյն բազայում կանցկացնի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի դեմ առ դեմ հանդիպումը, ասված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի կազմում են մոտ 50 երկրներ, որոնք աջակցում են Կիևին Ռուսաստանի դեմ պատերազմում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգն ավելի վաղ ասել էր, որ Կիևին աջակցող արևմտյան տերությունների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ՝ «քննարկելու համար, թե ինչ տեսակի զենք է անհրաժեշտ և ինչպես կարող են դաշնակիցները տրամադրել այդ զենքերը»:

Հոդվածը պատրաստվել է Agence France-Presse գործակալության նյութի հիման վրա