Չնայած Ուկրաինայի Սոլեդար քաղաքի դեմ ռուսների կողմից սկսված ռազմական ուժեղ գրոհին, մարտերը շարունակվում են, ուկրաինական զորեքը ցուցաբերում մեծ դիմադրություն:
Ռուսական ռազմական մասնավոր ‘’Վագներ’’ խումբը պնդում է, որ Սոլեդարը գրավված է, սակայն Մոսկվան ձեռնպահ է մնում հաղթանակի մասին պաշտոնապես հայտարարելուց։
Ուկրաինան ընդունել է ռուսական զորքերի առաջխաղացման փաստը, սակայն Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է, որ քաղաքում շարունակվում են ծանր մարտերը։ Ռուսներն «անցնում են իրենց դիակների վրայով», - ասել է նա ու ավելացրել, որ Ռուսաստանը վերջին շաբաթվա ընթացքում է Ուկրաինայում ստորաբաժանումների թիվը 250-ից հասցրել է մինչև 280-ի::
Հիշեցնենք, որ վերջերս փոփոխություն իրականացվեց Ռուսաստանի ռազմական ղեկավարության շրջանում: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը անսպասելիորեն ստացավ ներխուժման հարցերով անմիջական հրամանատարությունը: Նախորդ հրամանատարը` Սերգեյ Սուրովիկինը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր անցած երեք ամիսների ընթացքում, փաստորեն դարձել է Գերասիմովի երեք տեղակալներից մեկը։
Ե՛վ ռուս, և՛ արևմտյան մեկնաբանները սա ընկալում են որպես անցած անհաջողությունների մեղքը մեղմելու փորձ, եւ հիշեցնում են, որ Ռուսաստանը կորցրել է անցյալ տարվա փետրվարից զավթած տարածքների մոտ 40%-ը:
Այլ հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովի գլխավորությամբ, այցելել է Բելառուս՝ ստուգելու այնտեղ տեղակայված միացյալ ուժերի մարտունակությունը:
Դոնեցկի մարզի նահանգապետ Պավլո Կիրիլենկոն Ուկրաինայի պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ Սոլեդարում մնացել է 559 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 15 երեխա, որոնց չի հաջողվել տարհանել։
Ուկրաինան հույս ունի, որ Արեւմուտքից սպասվող ծանր զրահատեխնիկայի ներկրումներից հետո կստանա նոր, ուժգին հակագրոհ սկսելու հնարավորություն:
''Ռոյթերս'', Ասոշիեյթեդ փրես'', ''Ֆրանս փրես''