2022 թվականի ավարտին ուկրաինական զորքերը ազատագրել էին Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների 40%-ը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին։
Իսկ ահա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի բացառում Մոսկվայի կողմից նոր հարձակումն Ուկրաինայում: ‘’ԲիԲիՍի’’-ին տված հարցազրույցում նա կոչ է անում Արեւմուտքին մշակել Կիևին աջակցելու համար երկարաժամկետ ծրագիր։
Նրա խոսքով, Ուկրաինայի Զինված ուժերի հաջողությունները չպետք է արագ հաղթանակի պատրանք ստեղծեն: ‘’Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար միակ միջոցը Կիևին Արևմուտքի հետևողական աջակցությունն է’’, ասել է նա ու ավելացրել, որ ‘’Ամեն ինչ կախված է արևմտյան զենքի մատակարարման ծավալից, տեմպերից և որակից’’:
‘’Պատերազմի անխուսափելի երկարացման մասին թեզը, որը Պուտինը փորձում է «վաճառել» Արևմուտքին, իրականում ամուր հիմքեր չունի’’, կարծում է բլոգեր Մարկ Ֆեյգինը։ Նրա կարծիքով՝ սա ավելի շատ Կրեմլի կողմից քարոզչական քայլ է: ‘’Ես չեմ տեսնում երկարատև պատերազմ վարելու Մոսկվայի կողմից որեւէ ունակություն’’, ասել է նա ‘’Ամերիկայի Ձայն’’-ին: Նրա խոսքերով, պատերազմն առավելագույնը կշարունակվի մինչեւ մեկ տարի, քանի որ Ռուսաստանը չունի լուրջ աջակիցներ:
Ի տարբերություն, Կիևն ունի մեծաթիվ դաշնակիցներ, ‘’Եվ անհնար է հավատալ, որ Ռուսաստանը կկարողանա դիմակայել այս առճակատմանը’’, ասում է նա ու տալիս հրապարակային հարց, որ եթե Մոսկվան պատրաստ է երկար պատերազմի, ինչո՞ւ է զենք գնելու հույսը դնում Իրանի և Հյուսիսային Կորեայի վրա:
Ռուսաստանի թուլության մասին է խոսում գրավված Մակեևկա քաղաքում ուկրաինական ուժերի կողմից իրականացված հրթիռակոծման փաստը, որին, ըստ ուկրաինական կողմի, զոհ է գնացել ռուս 400 զինվորական: Չնայած ռուսները հայտարարում են, որ զոհերի թիվը 63 է, ընդունում են նաեւ, որ սա մեկ գրոհի արդյունքում իրենց կողմից կրած ամենամեծ կորուստն էր: Ռուսաստանը տեղեկացնում է նաեւ, որ գրոհն իրականացվել է ամերիկյան արտադրության Himars (Հայմարս) տիպի վեց հրթիռներով:
Ռուսաստանի դիրքերը շարունակ թուլանում են, երբ Ուկրաինան աստիճանաբար ձեռք է բերում ավելի զարգացած ու հեռահար զենքեր, որոնք ի վիճակի են, այսպես ասած, ‘’հնձել’’ անպատրաստ նորակոչիկներին:
Ինչպես բլոգերն է ասում, երբ ‘’Հայմարս’’ համակարգին լրացնի նաեւ ‘’Փեթրիոթ’’ հակաօդային պաշտպանության համակարգը, ռուսական կողմը կսկսի իջնել ծնկի:
Սակայն քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին հավատում է Պուտինի այն խոսքերին, որ ունի պատերազմը երկար շարունակելու մտադրություն: ‘’Արեւմուտքը պիտի պատրաստ լինի դրան’’, ասում է նա` հավատալով, որ Պուտին ունի անմտության համառություն:
Պրեոբրաժենսկին խելամիտ է համարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հայտարարությունն այն մասին, որ Արեւմուտքը պիտի լինի պատրաստ այս պատերազմին երկար դիմադրելու համար:
‘’Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն անխուսափելիորեն կպարտվի’’, ասում է նա` ավելացնելով, որ ըստ ռուս վստահելի տնտեսագետների, Ռուսաստանն իր ռեսուրսներով այս պատերազմը կարող է շարունակել եւս մինչեւ մեկ ու կես տարի:
Հակապատերազմական շարժում սկսելու հնարավորությունները Ռուսաստանում մեծ չեն, ասում են վերլուծաբանները` հիշեցնելով բիրտ ուժի դիմելու Պուտինի ձեւերը: Այնպես որ, ասում են նրանք, Ուկրաինական պատերազմը կշարունակվի առնվազն ամբողջ 2023 թվականի ընթացքում:
Արամ Վանեցյան
Վիկտոր Վլադիմիրով