Արդարադատության նախարարությունը կարող է քրեական հետապնդում սկսել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ հունվարի 6-ի շուրջ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի խորհրդով՝ 2020 թվականի ընտրությունները տապալելու փորձի համար: Գլխավոր դատախազը դիտարկում է հաջորդ քայլերը, իսկ Սպիտակ տունը փորձում է խուսափել Թրամփի թիրախավորողի դերակատար դիտվելուց
Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակման երկրորդ տարելիցն է, որն ամերիկյան պատմության աննախադեպ իրադարձություն էր: Երկկուսակցական օրենսդիրներից կազմված հանձնաժողովը խորհուրդ է տալիս Արդարադատության նախարարությանը պատասխանատվության ենթարկել նախկին նախագահին բազմաթիվ քրեական մեղադրանքներով՝ 2020 թվականի ընտրություններին հաջորդող իրադարձությունների համար:
«Մենք շատ, շատ զգույշ ենք, որպեսզի ընդհանրապես չքաղաքականացնենք այս գործընթացը ու չլինի որևէ միջամտություն»,- ասում է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
Միևնույն ժամանակ, գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը պետք է որոշի, թե արդյոք կընդունի հունվարի 6-ի հանձնաժողովի առաջարկը:
«Ես համաձայն եմ հանձնաժողովի եզրակացությունների հետ։ Մենք պետք է շարունակենք պաշտպանել և խթանել ժողովրդավարությունը, և այժմ դա արդարադատության նախարարության գործն է»,- ասում է Փիթեր Լոջը Ջորջ Վաշինգտոնի համալսարանից:
Your browser doesn’t support HTML5
Գլխավոր դատախազին նշանակում է նախագահը Սենատի հաստատմամբ։ Արդարադատության նախարարությունը ձեռք բերեց ավելի մեծ անկախություն 1970-ականներին Ուոթերգեյթի սկանդալից հետո, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը փորձեց օգտագործել իր լծակները քաղաքական օրակարգ իրականացնելու համար:
Գոյություն ունի նաև 1978 թվականի «Կառավարության էթիկայի մասին» ակտը, որը թույլ է տալիս չարաշահումների հետաքննություն իրականացնել անկախ նախագահական վերահսկողությունից:
Գարլանդն այն օգտագործել է հատուկ խորհրդական Ջեք Սմիթին նշանակելու համար՝ Թրամփի վերաբերյալ հետաքննությունը ղեկավարելու նպատակով:
«Նման նշանակումն ընդգծում է գերատեսչության հանձնառությունը թե՛ անկախությանը, թե՛ հաշվետվողականությանը հատկապես զգայուն հարցերում»,- նշել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը:
Թրամփը դա որակել է վհուկների որս։
«Տարիների ընթացքում ես ներկայացրել եմ հսկայական քանակի փաստաթղթեր, հարկային հայտարարագրեր ևմնացած ամեն ինչ, և նրանք ոչինչ չեն գտել, ինչը նշանակում է, որ ես ապացուցել եմ, որ մեր երկրի ամենաազնիվ ևանմեղ մարդկանցից եմ»,- գտնում է նախկին նախագահը:
ԱՄՆ-ի ոչ մի նախկին նախագահ երբևէ չի մեղադրվել հանցավոր վարքագծի համար: Շատերն անհանգստացած են, որ դա կխորացնի քաղաքական տարաձայնությունները, սակայն որոշ վերլուծաբաններ կողմ են այս զարգացումներին:
«Առնվազն արդարադատության նախարարության համար առկա է իրական անկախության և օրենքից վերդասված նախկին նախագահին զգուշորեն հետաքննելու հնարավորություն, որը կանդրադառնա օրենքի գերակայության ամրապնդմանը և մեր ժողովրդավարության պաշտպանությանը»,- ընդգծում է Չիկագոյի համալսարանի ամերիկյան քաղաքականության պրոֆեսոր Ուիլյամ Հաուելը:
Հանձնաժողովն առաջարկել է Թրամփին մեղադրել անկարգություններն աջակցելու, պաշտոնական վարույթին խոչընդոտելու, հանրությանը մոլորության մեջ գցելու դավադրության տեսություններով և կեղծ հայտարարություններ անելու մեջ:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի Սպիտակ տան թղթակից Փեթսի Վիդակուսվարայի նյութի հիման վրա