Մատչելի հղումներ

Հանրապետականները քննադատում են Թրամփին՝ սպիտակամորթների գերիշխանության աջակցի հետ ճաշելու համար


Որոշ հանրապետական քաղաքական գործիչներ դատապարտել են Դոնալդ Թրամփին՝ Մար-ա-Լագոյի իր նստավայրում սպիտակամորթների գերիշխանության կողմնակից Նիկ Ֆուենտեսի հետ ընթրելու համար: Հիշեցնենք, որ Նիկ Ֆուենտեսը մասնակցել էր 2021 թվականի հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանրահավաքին, որը նախորդել էր Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակմանը։

Թրամփը հայտնել է, որ հանդիպումը միտումնավոր չէր։

Արկանզասի հանրապետական նահանգապետ Ասա Հաթչինսոնը Թրամփին մեղադրել է ծայրահեղականությունը խրախուսելու մեջ։

«Չեմ կարծում, որ այն առաջնորդը, ով օրինակ է ծառայում իր երկրի կամ կուսակցության համար, կարող է հանդիպել բացահայտ ռասիստի կամ հակասեմականի հետ», - նշել է Հաթչինսոնը՝ CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:

Կենտուկիի հանրապետական պատգամավոր Ջեյմս Քոմերը հավելել է, որ Թրամփը պետք է «իմանա, թե ում հետ է ճաշում»:

«Ես չէի համաձայնի հանդիպել այդ մարդու հետ»,- նշել է Քոմերը՝ NBC-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին, Թրամփը հայտարարել էր, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել՝ 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։

Թրամփի խոսքերով՝ Ֆուենտեսի հետ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ ռեփեր Ye-ի (Քանյե Ուեսթ) հետ ընթրիքի ժամանակ, ով նույնպես քննադատության էր արժանացել հակասեմական արտահայտությունների համար։ Արդարադատության դեպարտամենտը Ֆուենտեսին բնութագրել է որպես սպիտակամորթ գերիշխանության աջակից: Զրպարտության դեմ լիգան հիշեցրել է, որ Ֆուենտեսը ժամանակին «կատակով» հերքել է Հոլոքոստը և գազախցերում այրված հրեաներին համեմատել է «ջեռոցում դրված թխվածքաբլիթների» հետ:

Իր «Truth Social» սոցիալական մեդիայի կայքում հրապարակված գրառման մեջ, Թրամփը նշել է, որ երբ նա հանդիպել էր Ye-ի հետ, Ye-ն՝ «հակասեմական արտահայտություններ չէր արել: Ես գնահատում եմ այն բոլոր լավ բաները, որոնք նա ասել է իմ մասին Թակեր Կարլսոնում»: Նախկին նախագահը նաև հավելել է, որ չէր ճանաչում Նիկ Ֆուենտեսին՝ նրա հետ ընթրելուց առաջ:

Սպիտակ տունը քննադատել է Թրամփին՝ ասելով, որ «մոլեռանդությունը, ատելությունը և հակասեմիտիզմը տեղ չունեն Ամերիկայում»։

Հոդվածը պատրաաստվել է «Ամերիկաայի Ձայն»-ի ռուսական ծառայության հոդվածի հիման վրա:

XS
SM
MD
LG