Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ հրաման է արձակել «մասնակի զորահավաքի» մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի շարունակական ռազմական անհաջողությունների պայմաններում, հայտարարելով, որ այս «զինակոչը» վերաբերում է պահեստազորայիններին և նախկինում բանակում ծառայած մասնագետներին։
Սակայն տասնյակ հազարավոր պոտենցիալ զինակոչիկների փախուստի հեռանկարի պայմաններում Կրեմլն արդեն ստիպված է եղել պարզաբանել, թե ովքեր են, այնուամենայնիվ, «զորակոչվելու զորահավաքի շրջանակում»։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին Պուտինը հայտարարել է.
«Կրկնում եմ՝ խոսքը հենց մասնակի զորահավաքի մասին է, այսինքն՝ զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, որոնք ներկայումս պահեստազորի կազմում են և, առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են Զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություն և համապատասխան փորձ»։
Պուտինի այս ստահոդ խոստման մասին մանրամասնում է «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։
Ամբողջ Ռուսաստանից ստացված հաղորդումները բացահայտում են քաոսի, խուճապի և վրդովմունքի պատկեր. զինկոմիսարիատներն ու տեղական իշխանությունները տենդագին փորձում են կատարել զորահավաքայիններին հավաքագրելու Մոսկվայից «իջեցված» պլանը։
Զորակոչում են բոլորին՝ առանց խտրականության
Ռուսական «Մեդիազոնա» անկախ լրատվական կայքը հայտնել է.
«[Զորակոչիկների] շրջանում կան ռազմաբժշկական բուհերի շրջանավարտներ, ինչպես նաև վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ և վնասվածքաբաններ, որոնք ավարտել են քաղաքացիական բժշկական բուհեր։ Ամբողջ երկրում բժիշկներն արդեն ծանուցումներ են ստանում զինկոմիսարիատներից»։
Նրանցից մեկը՝ ուռուցքաբան, ասել է.
«Եթե ինձ կանչեն, իհարկե, կհավաքեմ իրերս ու կգնամ, քանի որ կարող եմ օգնել մեր տղաներին։ Ես կօգնեմ փրկել կյանքեր։ «Մի վնասիր» սկզբունքը, որն ինձ տարիներ շարունակ սովորեցրել են բժշկության մեջ, կաշխատի։ Եթե ես ստիպված լինեմ կրակել մարդու վրա, «թշնամու», վստահ չեմ, որ կարող եմ դա անել։ Ես չեմ ուզում զոհաբերել իմ սկզբունքները այս սարսափի համար»։
Զորահավաքի դեմ ցույցերը սաստկանում են
Լուրերում հայտնում էին, որ մի տղամարդ ինքնահրկիզվել է՝ հրաժարվելով մասնակցել մարտական գործողություններին։ Մեկ ուրիշը, ենթադրաբար, կրակել է զինկոմիսարիատի հրամանատարի վրա։ Տասնյակ զինկոմիսարիատներ են հրկիզվել երկրով մեկ բողոքի ցույցերի ընթացքում։
Ռուսական անկախ ОВД.инфо իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ի դրությամբ ՕՄՕՆ-ը բերման է ենթարկել 2366 ցուցարարի, որոնք բողոքի ակցիայի էին մասնակցում ընդդեմ «մասնակի զորահավաքի»։
Այս զորակոչի մասին Պուտինի հայտարարությունից մեկ օր անց The Washington Post թերթը հայտնեց, որ ռուսական իշխանությունները, այլ խմբերի համեմատ անհամաչափ կերպով, հավաքագրել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և «զորահավաքի» դեմ բողոքող ցուցարարներին։ Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Ղրիմի թերակղզում (Ղրիմում) բնիկ Ղրիմի թաթարները կազմում են զորակոչիկների 90%-ը, հայտնել է КрымSOS իրավապաշտպան խումբը։
Ղրիմում ռուսական օկուպացիոն իշխանությունները այս հաղորդումներն անվանել են «կեղծ» և հայտարարել, որ զորակոչը «համաչափ է թերակղզու բնակչության էթնիկ կազմին»։
Բողոքի ցույցերը բռնության են վերածվել հյուսիսկովկասյան Դաղստան հանրապետությունում, որտեղ կանայք բախումների էին գնում ոստիկանության հետ և փակում ճանապարհները, որպեսզի թույլ չտան ընտանիքի զորակոչված անդամներով շարասյուներին լքել իրենց քաղաքներն ու գյուղերը։
Տեղական «Չեռնովիկ» հրատարակությունը տեսանյութեր է հրապարակել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայից, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները ծեծում ցուցարարներին և մարտական փամփուշտներով կրակում ամբոխի վրա։
Կաբարդինո-Բալկարիայում ցուցարարները հանդիպել են հանրապետության իշխանությունների հետ արդեն սեպտեմբերի 26-ին։ Նրանք հայտարարել են, որ իշխանություններն ապօրինի կերպով զորակոչում են «երեխաներին», որոնք չեն անցել վերապատրաստում և զինվորական ծառայություն։
Նալչիկում հանրահավաքից տեսագրությունում, որը ֆեյսբուքում հրապարակել է չերքեզ ակտիվիստ Մարտին Կոչեսոկովը, լսվում է, թե ինչպես է կինը տեղական իշխանության ներկայացուցչին ասում. «Դուք տանում եք երեխաների, որոնք նույնիսկ կրակել չգիտեն»։
Մեկ այլ տեսանյութում մի կին բղավում է. «Դուք լավ գիտեք, թե ինչ զենք են տալիս այս երեխաներին»։ Մեկ ուրիշը ավելացնում է. «Դուք հրաշալի գիտեք, որ այս երեխաները թնդանոթի միս են։ Նրանք ողջ չեն վերադառնա»։
Տղամարդիկ փախչում են երկրից
Վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աղբյուրները՝ ռուսական անկախ «Նովայա գազետա-Եվրոպա» թերթը հաղորդել է, որ «զորահավաքի» մասին Պուտինի հայտարարությանը հաջորդած օրերի ընթացքում Ռուսաստանից հեռացել է մոտ 261 հազար մարդ։
Որոշ ռուս օրենսդիրներ առաջարկում էին փակել սահմանները՝ կանխելու «տղամարդկանց արտահոսքը», սակայն Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը խուսափողաբար ասել է, որ նման տարբերակներ չեն դիտարկվում, համենայն դեպս՝ այդ պահի դրությամբ։
Վրաստանի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը սահմանին, որտեղ հավաքվել է հսկայական բազմություն՝ բաղկացած հիմնականում երիտասարդներից, որոնք փորձում են ոտքով հասնել Վրաստան։
Ռուսական The Insider անկախ հրատարակությունը հայտնել է, որ անցյալ շաբաթ վրացական սահմանը հատել է Ռուսաստանի մոտ 115 հազար քաղաքացի։ Օդից արված տեսագրությունում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի կողմից շարժվող մեքենաների շարքը ձգվում մոտ 18 կիլոմետր դեպի Վրաստանի հետ սահման։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի «հանցավոր զորահավաքը» «կայսերական քաղաքականություն» է՝ ուղղված Ռուսաստանի բնիկ ժողովուրդների «ֆիզիկական ոչնչացմանը»։
Կոշտ միջոցներ «խուսափողների» և ցուցարարների նկատմամբ
Բողոքի ցույցերի ու հակասությունների պայմաններում Պուտինը հարկադրանքի նոր միջոցներ է ընդունել։ Սեպտեմբերի 24-ին նա ստորագրել է հինգ օրենքներից բաղկացած փաթեթ, որոնք քրեականացնում են զորակոչին դիմադրելը կամ դրանից խուսափելը, դասալքությունը, զինտեխնիկայի կորուստը կամ վնասումը և կամավոր գերի ընկնելը։
Երեք օրենքներ նախատեսում են ազատազրկում զորակոչին չներկայանալու, դասալքության, «ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու» և հակառակորդին հանձնվելու համար՝ մինչև 10 տարի ժամկետով։
Մեկ այլ օրենքով ամրագրվել է, որ զորահավաքն ինքնին «ծանրացուցիչ հանգամանք» է հանդիսանում «մասնակի զորահավաքի և հատուկ ռազմական գործողության» ընթացքում կատարված ցանկացած հանցագործության դեպքում՝ ներառյալ «անօրինական զանգվածային հավաքները» և «զինվորականներին վարկաբեկելը»։