Պատրաստ է արդյո՞ք ԱՄՆ-ը կապիկի ծաղիկ հիվանդության հնարավոր բռնկմանը

Նախագահ Ջո Բայդենը շարունակում է ապաքինվել COVID-19-ի հիվանդությունից, սակայն ԱՄՆ-ը բախվում է առողջական նոր վտանգին այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հանրային առողջության արտակարգ իրավիճակ հայտարարեց կապիկի ծաղիկ հիվանդության տարածման կապակցությամբ:

Շաբաթ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարեց հանրային առողջության արտակարգ իրավիճակ, քանի որ վիրուսը, որը էնդեմիկ է Կենտրոնական Աֆրիկայում, վարակել է արդեն ավելի քան 16,000 մարդու 75 երկրներում: Կապիկի ծաղիկ հիվանդությունը մայիսի կեսերին հասել է ԱՄՆ, և այժմ այստեղ արձանագրվել է արդեն մոտ 3000 դեպք:

Առողջապահական կազմակերպության կողմից նախկինում հայտարարված արտակարգ իրավիճակները վերաբերում էին COVID-19 համաճարակին, 2014 թվականին Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի վիրուսի բռնկմանը և 2016 թվականին Լատինական Ամերիկայում բռնկված Զիկա վիրուսին:

Սպիտակ տան համաճարակի գլխավոր համակարգողն ասում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հիվանդության տարածմանը։

«Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել թեստավորման, պատվաստանյութերի և բուժման հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ և համոզվելու, որ ամերիկացիները հասկանում են, թե ինչ ռիսկերի և մարտահրավերների ենք բախվում այս վիրուսի պարագայում, և ինչ է անում վարչակազմը դրան արձագանքելու ուղղությամբ»,- ասում է Սպիտակ տան COVID-19 արձագանքման համակարգող Աշիշ Ջհանը:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ը Կապիկի ծաղիկ հիվանդությունն արդեն ԱՄՆ-ում է

Ախտանիշները նման են գրիպի, գումարած մարմնի վրա ցանը, որը նման է բշտիկների:

Բայց բժիշկներն ասում են, որ սա համաճարակ չէ: Ի տարբերություն COVID-19-ի, կապիկի ծաղիկը տարածվում է միայն սերտ շփման միջոցով և ունի մշակված պատվաստանյութ։

Բայդենի վարչակազմն ասում է, որ հուսով է, որ մինչև 2023 թվականի կեսերը պատրաստ կլինի ավելի քան 6,9 միլիոն պատվաստանյութի չափաբաժին, և որ առողջապահական գերատեսչությունները առաջարկում են բուժման ավելի քան 1,7 միլիոն անվճար դասընթացներ:

Աշիշ Ջհանն ասում է, որ վարչակազմը նույնպես ձգտում է արագացնել գլոբալ արձագանքը, թեև նա չի ներկայացրել որևէ մանրամասներ՝ ի պատասխան Ամերիկայի Ձայնի հարցին:

«Մենք շարունակում ենք համագործակցել բազմաթիվ երկրների հետ լաբորատոր կարողությունների զարգացման շուրջ: Խոսքը նույն փորձարկման կարողությունների մասին է, որոնց մասին մենք խոսում ենք այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Դա իսկապես կարևոր է, որ այլ երկրներ նույնպես ունենան դա: Մենք շարունակում ենք այդ աշխատանքը։ Այս տարածումը ակնհայտորեն առկա է այժմ շատ ու շատ այլ երկրներում: Մենք մշտական կապի մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև աշխարհի այլ մասերի մեր գործընկերների: Կարծում եմ, որ հանրային առողջության այս արտակարգ իրավիճակը նույնպես ավելի կխթանի գլոբալ արձագանքը»,- նշում է Աշիշ Ջհանը:

Բժիշկներն ասում են, որ կարևոր չէ, թե ինչպես է կոչվում այս վիրուսը, այլ կարևորն այն է, որ առողջապահական համակարգերը կանգնեցնեն այս հիվանդության տարածումը, որն իրականում ծագում է կրծողներից, ոչ թե կապիկներից: Բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստումների գլոբալ պրոակտիվ արշավներ իրականացնել: Առայժմ ամերիկյան և եվրոպական դեպքերի մեծ մասը գրանցվել են նույնասեռական տղամարդկանց մոտ:

«Եթե ԱՄՆ կառավարությունը ցանկանում է լրջորեն վերաբերվել կապիկի ծաղիկ հիվանդության դեմ պայքարին, ապա այն պետք է ճանապարհ գտնի վերահսկելու հիվանդության աղբյուրը: Դրա համար կպահանջվի էնդեմիկ երկրներում անհատների ավելի լայնածավալ պատվաստում իրականացնել: Եվ ես կարծում եմ, որ այս պահին դա ճիշտ քայլ կլինի»,- գտնում է Ջոնս Հոփկինսի առողջապահական անվտանգության կենտրոնի բժիշկ Ամեշ Ադալջան:

Իսկ այդ ընթացքում նախագահը վերականգնվում է մեկ այլ վիրուսային հիվանդությունից կորոնավիրուսից: Երկուշաբթի նախագահն հայտնել է, որ իր առողջական վիճակը բարելավվում է և նա շարունակում է աշխատանքը դեռևս մեկուսացված: Իր խոսքում նախագահն ասել է, որ ամեն օր իրեն ավելի լավ է զգում՝ չնայած դեռ ամբողջապես չի ապաքինվել: Մի քիչ կոկորդի ցավ ունեմ և մի փոքր հազում եմ, սակայն առողջականս զգալիորեն բարելավվել է, ասում է նախագահ Բայդենը: Նա հավելեց, որ հույս ունի վերադառնալ աշխատանքի մինչև շաբաթվա վերջ։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի Սպիտակ տան լրագրող Անիտա Փաուելի նյութի հիման վրա