Վերջին օրերին աշխարհը տագնապով հետևում է Միացյալ Թագավորության զարգացոումներին, ուր գիտնականները խոսում են կորոնավիրուսի հայտնաբերված նոր տեսակի մասին, որը, ըստ նրանց, ավելի վարակիչ է, քան արդեն հայտնի կորոնավիրուսը: Վիրուսի նոր մուտացիայի նախնական ուսումնասիրությունները ստիպեցին վարչապետ Բորիս Ջոնսոնին խստացնել սահմանափակումները Սուրբ Ծննդյան տոներից առաջ: Բացի այդ, Նիդեռլանդները, Գերմանիան և եվրոպական այլ երկրներ իրենց հերթին արգելափակեցին հաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ:
Կորոնավիրուսի նոր տեսակն բուռն քննարկումների և վերլուծությունների առիթ է դարձել: Այն հետազոտողների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեկտեմբերին, երբ ավելի հաճախ էր պատահում հարավային Անգլիայի որոշ հատվածներում: Պարզվել է, որ այն հայտնի է դեռևս սեպտեմբերից: Երբ հետազոտողները մանրակրկիտ հետազոտեցին այն, ապա պարզվեց, որ այս վարակն ունի մեծ քանակությամբ մուտացիաներ՝ շուրջ 23: Դրանք բոլորն էլ կապված են ներկայումս տարածված COVID-19-ի հետ և կարող են ազդել վիրուսի տարածման վրա:
Իսկ արդյո՞ք այն ավելի վարակիչ է, քան մյուս վիրուսները: Գիտնականները հակված են կարծելու, որ դա այդպես է: Նախնական հետազոտությունները Միացյալ Թագավորությունում պարզել են, որ վիրուսը արագորեն տարածվում է Անգլիայի հարավային մասերում:
Այնուամենայնիվ, դրա տարածված լինելը դեռ ապացույց չէ, որ այն ավելի արագ է տարածվում, քան մնացած վարակները: Դա կարող է պատահականության արդյունք լինել: Օրինակ ՝ տարբերակներից մեկն այն է, որ վարակը սկսել է տարածվել մարդաշատ մի քաղաքի կենտրոնից, որտեղ փոխանցումն ավելի արագ է իրականացվում:
Որոշ գիտնականներ հետազոտել են, թե ինչպես է այս նոր տեսակը փոխանցվում երեխաներին: Սովորաբար, երեխաների վարակման հավանականությունը դեռահասների կամ մեծահասակների հետ համեմատած ավելի ցածր է: Բայց այս նոր տեսակի պարագայում պարզվում է երեխաները նույնքան զգայուն են, որքան մեծահասակները, Նյու Յորք Թայմսին ասում է Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրուսաբան Ուենդի Բարքլեյը:
Պարզելու համար, թե արդյոք այս նոր տեսակն ավելի վարակիչ է, թե ոչ, հետազոտողներն այժմ լաբորատոր փորձեր են իրականացնում այս ուղղությամբ՝ մոտիկից ուսումնասիրելով, թե ինչպես են վարակվում բջիջները:
Իսկ արդյո՞ք այն ավելի ծանր հիվանդություն է, քան COVID-19- ը: Այս պահին դեռևս չկան հաստատուն ապացույցներ, սակայն առկա են բոլոր հիմքերը՝ խնդրին ամենայն լրջությամբ մոտենալու համար: Օրինակ, Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի մեկ այլ տեսակ է առաջ եկել, որը արդյունք է հատուկ մուտացիայի գործընթացի: Այն նույնպես հայտնաբերվել է B.1.1.7-ում: Այս տարբերակը արագորեն տարածվում է Հարավային Աֆրիկայի ափամերձ շրջաններով: Եվ նախնական ուսումնասիրություններում, այնտեղի բժիշկները պարզել են, որ դրա արդյունքում հիվանդների մոտ արձանագրվում է վիրուսի ավելի բարձր կոնցենտրացիա վերին շնչուղիներում: Շատ վիրուսային հիվանդությունների պարագայում դա կապված է ավելի ծանր ախտանիշների հետ:
Իսկ որտեղի՞ց է ծագում վիրուսի այս նոր տեսակը: Այս հարցը բուռն քննարկումների առարկա է: Տարբերակներից մեկն այն է, որ այն ի հայտ է եկել օրգանիզմի ներսում հատուկ մուտացիայի արդյուքում: Վարակի սովորական պարագայում մարդիկ վարակվում են կորոնավիրուսով մի քանի օր առաջ ՝ նախքան ախտանիշների ի հյատ գալը: Դրանից հետո վիրուսը թուլանում է, քանի որ իմունային համակարգը պաշտպանում է մարդու օրգանիզմը: Վիրուսը մաքրվում է օրգանիզմից առավելագույնը մի քանի շաբաթվա ընթացքում:
Բայց երբեմն վիրուսը խոցում է թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց: Նրանց մարմնում այն կարող է զարգանալ ամիսներ շարունակ: Այս դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսը կարող է մեծ քանակությամբ մուտացիաների ենթարկվել, եթե երկար ժամանակ մնում է մարդու օրգանիզմում:
Հետազոտողները պարզել են, որ ժամանակի ընթացքում դա կարող է նպաստել մուտացման գործընթացին: Հետազոտողները նաև ենթադրում են, որ նման զարգացումները կարող են նաև պայմանավորված լինել հիվանդին տրվող դեղամիջոցներով: Որոշ մուտացված վիրուսներ կարող են դիմադրել դեղամիջոցներին: Գիտնականների մեկ այլ խումբ էլ ենթադրում է, որ նոր վիրուսը կարող էր առաջանալ կենդանիների մոտ նոր մուտացիաների արդյունքում նախքան դրա փոխանցումը մարդկանց:
Որքան հայտնի է՝ այս պահին նոր կորոնավիրուսի տարատեսակը դեռևս չի հասել ԱՄՆ, սակայն Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար դոկտոր Էնթոնի Ֆաուչին երկուշաբթի օրը չի բացառել, որ այն արդեն մուտք է գործել Միացյալ Նահանգներ:
Իսկ որքանո՞վ այն կարող է ազդել պատվաստանյութերի վրա: Փորձագետների մեծ մասը գտնում է, որ այն չի կարող լուրջ ազդեցություն թողնել պատվաստման գործընթացի վրա: Միևնույն ժամանակ, սակայն, այս պահին հնարավոր չէ բացառել նոր զարգացումներ:
Facebook Forum