Բայդենն ու Էրդողանը ընդգծել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կոչ են արել դիվանագիտական ճանապարհով լուծել ճգնաժամը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տունը։ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներն իրենց ընդհանուր անհանգստությունն են հայտնել Ուկրաինա ռուսական անհիմն և չարդարացված ներխուժման կապակցությամբ։

Նրանք վերահաստատել են ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից Ուկրաինայի կառավարության և ժողովրդի աջակցությունը՝ նշելով ռուսական ագրեսիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։

Երկու երկրների ղեկավարները ողջունել են այս ճգնաժամին համակարգված միջազգային արձագանքը։

Սպիտակ տան ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանն ուղղված Անկարայի ջանքերի կապակցությամբ, ինչպես նաև տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ Թուրքիայի վերջին շփումների, որոնք ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու կայունության հաստատմանը:

Բայդենն ու Էրդողանը քննարկել են նաև ամերիկա-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները, ասվում է Սպիտակ տան հայտարարության տեքստում։