Մատչելի հղումներ

Մոսկվա-Անկարա հարաբերությունները՝ Ուկրաինայում պատերազմի պայմաններում


Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ուժեղացմանը զուգահեռ, Թուրքիան խստացնում է իր հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին և ուշադրություն դարձնում Կիևի կոչերին: Վերլուծաբանների կարծիքով՝ այս ամենը կարող է սպառնալ Թուրքիայի փորձերին լավ հարաբերություններ պահպանել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ուժեղացման և զոհերի ու ավերածությունների թվի աճի հետ մեկտեղ, Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում ՌԴ-ի հանդեպ՝ Ռուսաստանի գործողությունները որակելով «պատերազմ»։

Այդ որակումը Անկարային թույլ է տալիս իրականացնել Մոնտրոյի համաձայնագրի դրույթները: Այն 1936 թվականի պայմանագիր է, որը կարգավորում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների միջոցով մուտքը դեպի Սև ծով: Այսպիսով Թուրքիան կարող է արգելել ռուսական այն ռազմանավերի մուտքը Սև ծով, որոնք չեն գտնվում սևծովյան ջրային տարածքներում: ռուս-ուկրչաինական պատերազմի բռնկումից հետո Կիևը այս քայլի խնդրանքով դիմել էր թուրքական իշխանություններին։

Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան որոշել է գործի դնել Մոնտրոյի կոնվենցիայով Թուրքիային տրված լիազորությունները՝ կապված Բոսֆոր և Դարդանել նեղուցներով նավերի երթևեկության հետ, որպեսզի կանխվի ճգնաժամի սրացումը: Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն CNNturk–ի հետ զրույցում հայտնել է, որ Ուկրաինայում ՌԴ–ի սկսած գործողությունը վերաճել է պատերազմի եւ իրենք ստիպված են գործի դնել Մոնտրոյի համաձայնագիրը՝ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները փակելով պատերազմող բոլոր կողմերի ռազմանավերի համար։

Անկարայի կողմից նեղուցների նկատմամբ համաձայնագրի դրույթների կիրառումը կարող է հիմնականում լինել խորհրդանշական, քանի որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելուց առաջ իր ռազմանավերից շատերը արդեն տեղակայել է Սև ծովում: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, չի հետևել իր եվրոպացի դաշնակիցների քայլերին՝ թուրքական օդային տարածքը բաց պահելով ռուսական ինքնաթիռների համար:

Սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ Ուկրաինայի հարցում Թուրքիայի դիրքորոշման մեջ զգալի փոփոխություն է տեղի ունեցել:

Վերլուծաբան Սեզին Օնեյի կարծիքով Թուրքիան այսօր շատ է ներքաշված ուկրաինական պատերազմի մեջ՝ ռազմական և նաև հետախուզական առումով: Թուրքիայի անօդաչու սարքերը վճռորոշ դեր են խաղում պատերազմում, ուստի Անկարան կողմնորոշվել է այս հարցում, շեշտում է Օնեյը։

Ուկրաինան հրապարակել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի մի քանի տեսանյութեր, որոնք թիրախավորում են ռուսական ուժերին։ Մոսկվան սուր քննադատության է ենթարկել Անկարային՝ Կիևին թուրքական Բայրաքթար անօդաչու սարքեր մատակարարելու համար:

Թուրքիայի նախագահ Էրդողանը սերտ կապեր է հաստատել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Բայց ուկրաինական հակամարտությունում միջնորդելու Էրդողանի բազմաթիվ առաջարկները Մոսկվայի կողմից անտեսվել են:

Թուրքիայի կախվածությունը ռուսական էներգակիրներից և Սիրիայում համագործակցությունը ստիպում են Անկարային շարունակել զգուշավոր քաղաքականություն Մոսկվայի հանդեպ:

Միջազգայնագետ Մուստաֆա Այդինը կարծում է, որ Թուրքիան կշարունակի քննադատաբար վերաբերվել Ռուսաստանին այս հարցում, աջակցել Ուկրաինայի կառավարությանն ու բանակին և շարունակել վաճառել անօդաչու սարքեր՝ չնայած ռուսական քննադատությանը։ Դրա հետ մեկտեղ միջազգայնագետը գտնում է, որ Անկարան կփորձի պահպանել հարաբերությունները երկու կողմերի հետ:

Սակայն եթե ուկրաինական հակամարտությունը շարունակի սրվել, և դրա հետ մեկտեղ, մեծանա Թուրքիայի աջակցությունը Կիևին, որոշ վերլուծաբանների կարծիքով Պուտինի հետ Էրդողանի հարաբերությունները կարող են դառնալ լարվածության նոր կետ այս հակամարտությունում:

Հոդվածը պատրաստվել է Դորիան Ջոնսի նյութի հիմնա վրա

XS
SM
MD
LG