Մատչելի հղումներ

Կիևն ու Մոսկվան համաձայնության չեկան հրադադարի հաստատման հարցում


Անթալիայում կայացավ Ուկրաինայի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը «առաջընթաց չեն գրանցել» հրադադարի հաստատման հարցում, տեղեկացնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը: Սա կողմերի միջև առաջին նման բարձր մակարդակի շփումն էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր:

«Մենք բարձրացրեցինք նաև 24-ժամյա զինադադար հաստատելու հարցը, որպեսզի լուծվեն ամենահրատապ հումանիտար խնդիրներ, սակայն այստեղ որևէ առաջընթաց չգրանցվեց: Թվում է, որ այս հարցի շուրջ Ռուսաստանում այլ որոշումներ կայացնողներ կան», հայտարարել է Դմիտրո Կուլեբան հանդիպումից հետո կայացած իր մամլո ասուլիսին։

Միաժամանակ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ է կրկին հանդիպել Լավրովի հետ նույն ձևաչափով, եթե կան արդյունավետ քննարկման և լուծումներ փնտրելու հեռանկարներ: Նա նաև տեղեկացրեց, որ կողմերը պայմանավորվեցին շարունակել փորձերը տեղում հումանիտար խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ տեղեկացրել է, որ ինքը և Կուլեբան անդրադարձել են նախագահների միջև բանակցությունների հնարավորությանը։

Հիշեցնենք, որ Անթալիայում ռուս-ուկրաինական բանակցությունները կայացան Թուրքիայի միջնորդությամբ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ներկա էր հանդիպմանը:

XS
SM
MD
LG