Մատչելի հղումներ

Ուկրաինայի ու ՌԴ արտգործնախարարները կհանդիպեն հինգշաբթի Անթալիայում 


Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կուլեբան հայտարարել է իր ռուս գործընկերոջ Լավրովի հետ բանակցությունների պատրաստակամության մասին, եթե դրանք «իմաստալից» լինեն

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պայմանավորվել են հանդիպել հինգշաբթի օրը Թուրքիայում։

Սա երկու երկրների արտգործնախարարների առաջին հնարավոր բանակցություններն են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է երկուշաբթի օրը Անթալիա քաղաքում ծրագրված հանդիպման մասին այստեղ կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակում և ասել, որ ինքը ևս կմասնակցի դրան։

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է հանդիպման ծրագիրը։

Հիշեցնենք, որ Անկարան, որը միջնորդություն է առաջարկել Ռուսաստանին և Ուկրաինային, լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։ Այնուամենայնիվ, նա անընդունելի է որակել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, թեև դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը հայտարարել է, որ պատրաստ է Լավրովի հետ բանակցություններին, բայց միայն այն դեպքում, եթե դրանք լինեն «իմաստալից»։

Երկուշաբթի օրը Ռուսաստանը հայտարարեց նոր «մարդասիրական միջանցքների» մասին ռուսական ռմբակոծության տակ ընկած ուկրաինացիների տեղափոխման համար, բայց միայն դեպի Ռուսաստանի և Բելառուսի տարածք: Կիևն այս հայտարարությունն անվանել է անբարոյական։ Հիշեցնենք, որ շրջափակված Մարիուպոլում հարյուր հազարավոր մարդիկ հայտնվեցին առանց սննդի և ջրի, կրակի տակ և չկարողացան տարհանվել:

XS
SM
MD
LG