Ռուսական վեց ռազմանավեր Միջերկրական ծովից ուղևորվում են Սև ծով ռազմածովային զորավարժություններին մասնակցելու համար, ասված է երեքշաբթի փետրվարի 8-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Զորավարժությունները, ըստ նախարարության, նախապես ծրագրված են եղել:
Ուրբաթ օրը փետրվարի 4-ին պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հյուսիսային և Բալթյան նավատորմի դեսանտային նավերի տեսագրությունը, որոնք զորավարժությունների շրջանակում ժամանել են Սիրիայում ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը։
Անցյալ ամիս Ռուսաստանը հայտարարեց, որ հունվար և փետրվար ամիսներին կանցկացնի ընդգրկուն զորավարժություններ, որոնք կներառեն իր բոլոր նավատորմերի ուժերը՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: Այն որակվում է որպես ուժի ցուցադրում Ուկրաինայի շուրջ Արևմուտքի հետ դիմակայության պայմաններում: Ըստ թուրքական աղբյուրների՝ ռուսական վեց նավեր երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Թուրքիայի նեղուցներով կանցնեն Սև ծով։
«Թուրքիան իրավասու է փակել նեղուցները բոլոր օտարերկրյա ռազմանավերի համար պատերազմի ժամանակ կամ երբ նրան սպառնում է ագրեսիան։ Նաև իրավասու է հրաժարվել Թուրքիայի հետ պատերազմող երկրներին պատկանող առևտրային նավերի տարանցումից»,- ասել է Ստամբուլում բնակվող վերլուծաբան Յորուք Իշըքը։
Թուրքիան, որը կիսում է ծովային սահման ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ Սև ծովում, հայտարարել է, որ ցանկացած ռազմական հակամարտություն անընդունելի է, իսկ Մոսկվային հայտնել, որ որևէ ներխուժում կլինի անխոհեմ: Սակայն նախագահ Էրդողանը նաև առաջարկել է միջնորդություն Մոսկվայի և Կիևի միջև վեճում: Անկարան երկու երկրների հետ ունի ջերմ հարաբերություններ, թեև Էրդողանն ասում է, որ կանի այն, ինչ անհրաժեշտ է որպես ՆԱՏՕ-ի անդամ ռուսական ներխուժման պարագայում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի օրը Կրեմլում կայացած բանակցություններից հետո նշել է, որ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն Ուկրաինայի շուրջ դիմակայության հարցում։ Պուտինը ենթադրել է, որ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել: