Մատչելի հղումներ

Ինչ  է Ռուսաստանն ուզում Ուկրաինայից


Ակնկալվում է, որ այս շաբաթ Սև ծով կժամանեն ԱՄՆ-ի երկու ռազմանավեր ՝ ի նշան Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինային աջակցելու ցուցադրություն, քանի որ մեծանում է մտավախությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հարձակում իրականացնել ընդդեմ իր հարեւանի: Այս մասին է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի լուրերի կենտրոնական բաժնի կողմից գրված քաղաքական մեկնաբանությունը:

Կրեմլն իրականացնում է զորքերի, հրասայլերի և հրթիռների ամենամեծ տեղաշարժը Ուկրաինայի սահմանի երկայնքով: Մարտի կեսից ի վեր առնվազն երեք զորավարժություններ է Մոսկվան անցկացրել ուկրաինական սահմանին հարող տարածքում:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր առաջին հեռախոսազրույցն է անցյալ շաբաթ ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ և, ըստ Սպիտակ տան հայտարարության, «հաստատել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` ի պատասխան Ռուսաստանի կողմից Դոնբասում և Ղրիմում շարունակվող ագրեսիայի»:

Հունվարի վերջից Ուկրաինայի Դոնբասի շրջանում ուկրաինացիների և Ռուսաստանի աջակցությունը վայելող ապստամբների միջեւ մարտերը սրվում են: Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից Դմիտրի Կոզակը հանդես է եկել խիստ նախազգուշացումով, հայտարարելով, որ լայնածավալ հակամարտությունը կարող է նշանակել Ուկրաինայի «վերջի սկիզբը»:

Կրեմլի գլխավոր խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հերքում ռազմական կուտակումների մասին հաղորդումները, սակայն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշում է, թե Ռուսաստանն իր հայեցողությամբ իրականացնում է զորքերի տեղաշարժ իր իսկ տարածքում»:

Շաբաթ օրը Դոնբասում սպանվել է ուկրաինացի զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: 2021 թվականի սկզբից Դոնբասում սպանվել է ուկրաինացի 26 զինվորական:

2019-ին Կիևում նախագահի պաշտոնում իր անակնկալ ընտրությունից ի վեր, Զելենսկին կոչ է անում անցկացնել խաղաղ բանակցությունների նոր փուլ, որին կմասնակցեն նաև արևմտյան առաջնորդներ: Ընտրություններում իր ջախջախիչ հաղթանակից անմիջապես հետո նա անմիջապես դիմեց Պուտինին ՝ տեսանյութում ասելով. «Մենք պետք է խոսե՞նք: Մենք ունենք դրա կարիքը. Եկեք անենք դա." Այդ տարվա ընթացքում Կրեմլը և Կիևը պայմանավորվեցին գերիների փոխանակման մասին ՝ հույս ներշնչելով, որ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիր, ավարտին հասցնելու համար յոթ տարի շարունակվող հակամարտությունը:

Սակայն այսօր արևմտյան որոշ դիվանագետների և վերլուծաբանների տագնապ են հարուցում Կրեմլի պաշտոնյաների կողմից օգտագործվող խիստ խոսելաձեւը, ինչպես նաեւ`Կրեմլի վերահսկվող տակ գտնվող լրատվամիջոցների կողմից ճգնաժամի լուսաբանման բնույթը:

Նախագահ Պուտինի խոսնակ Պեսկովը ուրբաթ ասել է, թե Կրեմլին մտահոգում է Ուկրաինայի արեւելեքում լայնամասշտաբ մարտեր վերսկսվելու հնարավորությունը և որ Մոսկվան պատրաստ է քայլեր ձեռնարկել Դոնբասում ռուս խաղաղապահներին պաշտպանելու համար:

«Ամեն ինչ հուշում է, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ներխուժում դեպի Ուկրաինա», - թվիթերում գրել է «Խենթ կապիտալիզմ» գրքի հեղինակ, Անդերս Ասլունդը: «Ռազմական տեղաշարժերը և՛ Կրեմլի քարոզչությունը խոսում են ռուսական ռազմական ագրեսիայի մոտալուտ լինլու մասին», - ասել է նա:

Բայց կան վերլուծաբաններ ու նաեւ դիվանագետներ, որոնց կարծիքով այս ամենի նպատակը ռուսներին ներքին խնդիրներից շեղելն է: Նրանք ասում են, որ ռազմական կուտակումը կարող է լինել ընտրական ռազմավարության մի մասը Ռուսաստանում, սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ Պուտինի վարկանիշը շարունակում է անկում գրանցել: Լայնամասշտաբ պատերազմի պատճառով արտակարգ դրության ձևավորումը կարող է խթանել «Եդինայա Ռոսիա» -ի հեռանկարները ՝ թույլ տալով կուսակցությանը շահել հայրենասիրության ալիքից, ասում են նրանք:

Կիևի «Մոհիլա» ակադեմիայի ազգային համալսարանի ակադեմիկոս Տարաս Կուզիոն չի հավատում, որ Կրեմլը պատրաստում է Ռուսաստանին դեպի լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա: Չնայած նրան, որ նա չի հերքում կարճ ու սահմանափակ բախում սկսելու հնարավորությունը, բայցեւ կարծում է, որ Կրեմլը կարող է կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին Վրաստանում, երբ Միխեիլ Սաակաշվիլին ընկավ ծուղակը և պատասխանեց Հարավային Օսիայի սադրանքներին` հրահրելով ներխուժում Ռուսաստանի կողմից:

XS
SM
MD
LG