Ռուսաստանը շարունակում է զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանի երկայնքով: Այս առնչությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ այժմ պատրաստ է հզորացնել Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը: Սակայն, ասել է նա, ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Ուկրաինա:
Հարցին, թե արդյոք ինքը կքննարկի անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Բայդենը տվել է դրական պատասխան:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Գերմանիան Կիևում բնակվող իրենց դիվանագետների ընտանիքներին կարգադրել են հեռանալ Ուկրաինայից։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ Բեռլինում անցկացված հանդիպման ժամանակ կողմերը համաձայնվել են, որ Ռուսաստանը կկանգնի խիստ պատժամիջոցների առջեւ, եթե ներխուժի Ուկրաինա: Մակրոնը հայտնել է, որ ուրբաթ օրը զրուցելու է Պուտինի հետ:
Վերլուծաբան Ուիլյամ Հարթունգն ասում է, թե դժվար է այս պահին կռահել Պուտինի մտքինը, նա բլեֆ է անում, թե՞ փորձում է ստանալ այն, ինչ կարելի է ստանալ առանց պատերազմի:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Սու-35 մակիշի կործանիչներ տեղափոխվում դեպի Բելառուսի օդանավակայաններ՝ մասնակցելու «Դաշնակիցների վճռականություն» զորավարժություններին:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը ուրբաթ օրը հայտնել է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել S-400 «երկիր-երկինք» տիպի հրթիռային համակարգերի երկու գումարտակ։
Ռուսաստանը նախազգուշացնում է, որ անձամբ նախագահ Պուտինի դեմ պատժամիջոցները չեն վնասի նրան, այլ կլինեն «քաղաքականապես կործանարար»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ի այն կոնգրեսականներն ու սենատորները, ովքեր քննարկում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության դեմ անձնական պատժամիջոցներ սկսելու մասին հարցեր, անտեղյակ են այն փաստից, որ այդ պաշտոնյաներին օրենքով արգելված է արտասահմանում ակտիվներ, գույք և բանկային հաշիվներ ունենալ: Նրա խոսքերով, նման քայլը պարզապես հավասարազոր կլինի դիվանագիտական հարաբերությունների խզմանը:
Վերջին տվյալների համաձայն, ռուսական ավելի քան 20 ռազմանավ էլ չորեքշաբթի օրը մուտք է գործել Սև ծով: