ԱՄՆ-ը և Հարավային Կորեան երեքշաբթի օրը մեկնարկել են համատեղ զորավարժությունները՝ չնայած Փխենյանի նախազգուշացումներից այն մասին, որ զորավարժությունների անցկացումը կարող է վնաս հասցնել թերակղզում խաղաղության հաստատման:
Երկկողմանի Համատեղ ուժերի հրամանատարության համաձայն, կառավարման համակարգչային համակարգերի կիրառմամբ իրականացվող տասնօրյա զորավարժությունները նպատակ են հետապնդում բարելավել Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի հարձակման դեպքում վերջինիս պաշտպանությունը:
Համատեղ ուժերի հրամանատար, Միացյալ Նահանգների զինված ուժերի գեներալ Ջեյմս Դ. Թուրմանը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու է Իրաքում և Աֆղանստանում ձեռք բերված փորձը, «ինչպես նաև այն փորձը, որը ձեռք է բերել դաշինքը՝ Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված սադրիչ գործողությունների արդյունքում»:
Հյուսիսային Կորեան անցյալ շաբաթ կոչ է արել դադարեցնել զորավարժություններ անցկացնելու ծրագրերը ՝ ասելով, որ հակառակ դեպքում վնաս է հասցվելու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի իրականացման դադարեցման շուրջ բանակցությունների վերսկսման գործընթացին:
Հյուսիսային և Հարավային Կորեաների պաշտոնատար բարձրաստիճան անձանց միջև վերջին հանդիպումը կայացել է անցյալ ամիս Ինդոնեզիայում: Այս հանդիպումն առաջինն էր՝ անցյալ տարվա նոյեմբերին Հյուսիսային Կորեայի կողմից Հարավին պատկանող սահմանամերձ կղզու ուղղությամբ հրետանային կրակ արձակելուց հետո:
Հյուսիսային Կորեան սովորաբար քննադատում է Հարավային Կորեայում անցկացվող զորավարժությունները՝ ասելով, որ դրանք նպատակ են հետապնդում Հարավի ուժերը ներխուժման նախապատրաստելու: Վաշինգտոնն ու Սեուլը հերքում են այս մեղադրանքները: