Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները


Հյուսիսային Կորեան պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները
Հյուսիսային Կորեան պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

«Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Յոնգ Իլը պատրաստ է ժամանակավորապես սառեցնել իր երկրի կողմից իրականացվող միջուկային սպառազինության ծրագիրը` ծրագրի շուրջ միջազգային բանակցությունների վերսկսման դեպքում»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսնակ Նատալիա Տիմակովան` հավելելով, որ Կիմն այս առաջարկը ներկայացրել է Սիբիրում երկու պետությունների ղեկավարների միջև անցկացված հանդիպման ընթացքում: Տիմակովայի համաձայն, Հյուսիսային Կորեայի ղեկավարն առաջարկել է «առանց նախապայմանների» վերադառնալ վեցկողմյա բանակցությունների անցկացման:

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները նախկինում կոչ են արել Փխենյանին բանակցությունները վերսկսելուց առաջ դադարեցնել միջուկային ծրագրի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Մեկուսացման մեջ գտնվող Հյուսիսային Կորեայի վարչակարգը միջուկային ծրագրի ուղղությամբ աշխատանքների իրականացման դիմաց փորձում է ստանալ տնտեսական զիջումներ: Այս պետությունը 2009 թվականին դուրս է եկել զինաթափման ուղղությամբ տարվող բանակցություններից, երբ հեռահար գործողության հրթիռի փորձարկումից հետո միջազգային հանրությունը դիմել է նոր պատժամիջոցների:

Սպասվում է, որ երկու պետությունների ղեկավարները քննարկելու են Ռուսաստանից Հյուսիսային Կորեայի տարածքով դեպի Հարավային Կորեա անցնող գազատարի կառուցման մասին առաջարկը: Նման գազատար կառուցելու դեպքում Հարավային Կորեան հնարավորություն կստանա Ռուսաստանից բնական գազի փոխադրման վրա ծախսվելիք հսկայական գումարներ խնայել: Հյուսիսային Կորեային, իր հերթին, գազատարի կառուցումը հնարավորություն կընձեռի տարեկան մոտ 100 միլիոն դոլարի չափով տարանցման վարձ գանձել:

XS
SM
MD
LG