Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահ. «Տնտեսությունը դեռևս չի կայունացել»


«Միացյալ Նահանգների աշխատանքի շուկայի վիճակը, նույնիսկ աշխատատեղերի մի քանի ամիս շարունակվող ավելացումից հետո, շատ է հեռու նորմալ վիճակից»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանկեն՝ երկուշաբթի օրը հանդես գալով մի խումբ տնտեսագետների առջև:

Բերնանկեի համաձայն, թեև աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրում գործազրկության մակարդակն այս տարվա սկզբին նվազել է՝ կազմելով 8,3 տոկոս, իսկ վերջին վեց ամիսների ընթացքում երկրում 1,2 միլիոն աշխատատեղ է ավելացել, այնուամենայնիվ, գործազրկության ներկայիս մակարդակը նվազեցնելու համար ԱՄՆ-ի տնտեսությունը պետք է արագացնի վերականգնման տեմպերը:

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահը «դեռևս համոզված չէ», որ աշխատանքի շուկայում վերջերս գրանցված նվաճումները հնարավոր կլինի պահպանել: Նրա համաձայն, հնարավոր է, որ գործազրկության նվազումն արձագանք էր 2008-ից 2009-ը թվականներին ընկած ժամանակահատվածում՝ ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին, գործատուների կողմից չափազանց մեծ թվով աշխատողների աշխատանքից ազատելուն:

Բերնանկեի համաձայն, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը դեռևս շատ է գերազանցում երկրի համար ավելի սովորական՝ 5 տոկոս կազմող գործազրկության մակարդակը:

Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, թե բանկը շարունակելու է վարել «հարմարվողական քաղաքականություն»՝ ԱՄՆ-ում տնտեսական աճին աջակցություն ցուցաբերելու նպատակով, և նախատեսում է մինչև 2014 թվականի ավարտը զրոյին մոտ պահել իր կողմից սահմանվող տոկոսադրույքները:

XS
SM
MD
LG