«ԱՄՆ-ում անցյալ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստներ ստանալու համար դիմողների գրանցված ցուցանիշը չորս տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է»:
Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են Միացյալ Նահանգների իշխանությունները, որոնց համաձայն գործազրկության նպաստ ստանալու համար անցյալ շաբաթվա ընթացքում դիմել է 351 հազար մարդ, ինչը 14 հազարով պակաս է նախորդ շաբաթվա ընթացքում գրանցված ցուցանիշից և 2008 թվականից գրանցված նման ամենացածր ցուցանիշն է:
ԱՄՆ-ում գործազուրկ դեռևս մնում է մոտ 13 միլիոն մարդ, սակայն ընկերություններն այժմ ավելի քիչ մարդ են ազատում աշխատանքից, ինչը վկայում է տնտեսական ճգնաժամից երկրի տնտեսության աստիճանաբար դուրս գալու մասին: ԱՄՆ-ում գործատուները վերջին վեց ամսվա ընթացքում աշխատանքի են ընդունել 1,2 միլիոն մարդ՝ գրանցելով 2006 թվականից ի վեր վեց ամսվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը:
Այլ պատկեր է տիրում եվրոյի գոտու երկրներում: Եվրոպական Միության պաշտոնյաները հինգշաբթի օրը հայտնել են, որ 2011 թվականին եվրոյի գոտու պետություններում գործազրկության ցուցանիշը ավելացել է 0,2 տոկոսով՝ կրկնելով նախորդ եռամսյակի ցուցանիշը:
Եվրամիության պաշտոնյաների համաձայն, գործազրկության ցուցանիշները մայրցամաքի հարավային երկրներում հասնում են կրիտիկական մակարդակի: Այսպես, գործազուրկ է Իսպանիայի աշխատունակ բնակչության գրեթե մեկ քառորդը, Հունաստանի և Պորտուգալիայի աշխատաշուկայում ևս չի գրանցվել որևէ առաջընթաց: