ԱՄՆ-ում փետրվար ամսվա ընթացքում ձեռնարկությունները կտրուկ ավելացրել են նոր աշխատատեղերի թիվը: Այնուամենայնիվ, հունվար ամսվա համեմատությամբ գործազուրկների թիվը մնացել է անփոփոխ` կազմելով 8,3 տոկոս:
ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունն ուրբաթ օրը հայտնել է, որ անցյալ ամիս գործատուներն աշխատանքի են ընդունել 227 հազար աշխատող: Բացի այդ, ըստ նախարարության զեկույցի, հունվար ամսվա ընթացքում աշխատանք գտած անձանց վերաբերյալ վերանայված ցուցանիշների համաձայն, այդ ամսվա ընթացքում աշխատանք է գտել 284 հազար մարդ:
Մինչև փետրվար ամիսը գործազուրկների թիվն ԱՄՆ-ում նվազել է հինգ ամիս շարունակ` նշան, որ աշխարհի ամենախոշոր տնտեսությունը գնալով վերականգնվում է 1930-ական թվականների Մեծ դեպրեսիայի ժամանակից գրանցված տնտեսական ամենածանր անկումից:
Պետական գործակալությունների տվյալների համաձայն, անցյալ ամիսների ընթացքում աշխատատեղերի ավելացման հանգամանքը ստիպել է երկարաժամկետ գործազուրկներին վերսկսել աշխատանքի որոնումը, և այդ իսկ պատճառով փետրվար ամսվա ընթացքում գործազրկության ցուցանիշները մնացել են անփոփոխ:
Միացյալ Նահանգներում աշխատատեղերի ավելացումը վերջին վեց ամիսների ընթացքում իրականացվել է բոլոր բնագավառներում և ներառել ինչպես բարձր, այնպես էլ ցածր վճարվող աշխատատեղեր: Աշխատատեղերի ամենաբարձր թիվն ավելացվել է մասնագիտական և գործարար, ինչպես նաև առողջապահության և հյուրանոցային ծառայությունների բնագավառում: