Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գործազուրկների թիվը նվազել է, սակայն նվազել է նաև աշխատանքի ընդունվողների ցուցանիշը


«Անցյալի ամիս ԱՄՆ-ում նվազել է գործազրուկների թիվը, սակայն գործատուները դանդաղեցրել են նախորդ մի քանի ամսվա ընթացքում գրանցած աշխատանքի ընդունելու ցուցանիշները»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը, որի համաձայն մարտ ամսվա ընթացքում գործազուրկների թիվը նվազել է մեկ տասնորդական տոկոսով՝ կազմելով 8,2 տոկոս՝ գրանցելով ամենացածր ցուցանիշը 2009 թվականի հունվար ամսից ի վեր:

Նախարարության կողմից ուրբաթ օրը հրապարակված տվյալները սակայն վկայում են այն մասին, որ գործազուրկների թիվը նվազել է լոկ այն պատճառով, որ աշխատանք չունեցող ավելի մեծ թվով մարդիկ դադարեցրել են աշխատանքի որոնումը: Նման անձանց մասին տվյալները չեն ներառվում գործազրկության մասին ամենամսյա հաշվետվություններում:

Աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում մարտ ամսվա ընթացքում ստեղծվել է 120 հազար նոր աշխատատեղ՝ գրանցելով, այնուամենայնիվ, աշխատատեղերի ստեղծման ամենաթույլ ցուցանիշները և զգալիորեն պակաս լինելով նախկին երեք ամսվա ցուցանիշներից, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը գերազանցել է 200 հազարը:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգների տնտեսությունում ավելացել է ավելի քան 850 հազար աշխատատեղ: Մարտ ամսվա ընթացքում գրանցված ցածր ցուցանիշները սակայն վերահաստատել են ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանկեի կողմից նախկինում բարձրաձայված մտահոգությունները:

Հիշեցնենք, որ մարտ ամսվա վերջին Բերնանկեն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգների աշխատանքի շուկայի վիճակը, նույնիսկ աշխատատեղերի մի քանի ամիս շարունակվող ավելացումից հետո, շատ է հեռու բնականոնից:

Բերնանկեի համաձայն, թեև երկրում գործազրկության մակարդակն այս տարվա սկզբին նվազել է, այնուամենայնիվ, գործազրկության ներկայիս մակարդակը նվազեցնելու համար ԱՄՆ-ի տնտեսությունը պետք է արագացնի վերականգնման տեմպերը:

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահն ասել էր, թե դեռևս համոզված չէ, որ աշխատանքի շուկայում վերջերս գրանցված նվաճումները հնարավոր կլինի պահպանել: Նրա համաձայն, հնարավոր է, որ գործազրկության նվազումն արձագանք էր 2008-ից 2009-ը թվականներին ընկած ժամանակահատվածում՝ ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին, գործատուների կողմից չափազանց մեծ թվով աշխատողների աշխատանքից ազատելուն:

Բերնանկեի համաձայն, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը դեռևս շատ է գերազանցում երկրի համար ավելի սովորական՝ 5 տոկոս կազմող գործազրկության մակարդակը:

XS
SM
MD
LG