Հարավային Սուդանի անկախության հարցով ավարտված հանրաքվեի արդյունքների նախնական հաշվարկը ցույց է տվել, որ տարածաշրջանի բնակիչների գերակշռող մասն իր ձայնը տվել է նորանկախ պետություն ստեղծելու օգտին։
Հանրաքվեին մասնակցել է մոտ չորս միլիոն մարդ։
Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի տասը տեղամասերից ստացված մոտ 30 000 քվեների նախնական հաշվարկի արդյունքների համաձայն, ձայների 96 տոկոսը տրվել է անկախության օգտին։
Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրը հանրաքվեի ավարտից հետո կոչ է արել իր ժողովրդին «ներել» Հյուսիսային Սուդանը բազմաթիվ զոհերի և ավերածությունների բերած քաղաքացիական պատերազմ վարելու համար։
Այս հանրաքվեի անցկացումը կազմում է Սուդանի հիմնականում մահմեդականություն դավանող հյուսիսային և հիմնականում քրիստոնեություն և ոգեպաշտություն դավանող հարավային մասերի միջև 2005 թվականին 21 տարի տևած պատերազմին վերջ տրված խաղաղության պայմանագրի մասերից մեկը:
Քվեարկությունն ընթացել է հիմնականում խաղաղ պայմաններում, սակայն նավթով հարուստ Աբյեի տարածաշրջանի սահմանամերձ գոտիներում տեղի են ունեցել մարդկային զոհերի հանգեցրած միջցեղային բախումներ։ Վերջին օրերի ընթացքում զոհվել է առնվազն 46 մարդ։
Աբյեի տարածաշրջանի վերահսկողությունը Սուդանի հյուսիսային և հարավային մասերի միջև դեռևս չլուծված խնդիրներից մեկն է։