Սուդանում կիրակի օրը տեղի են ունեցել բախումներ երկրի մայրաքաղաքում բողոքի ցույցեր կազմակերպած ուսանողների և ոստիկանության միջև։
Ցույցերին մասնակցել են հարյուրավոր ուսանողներ, որոնք վանկարկել են բարձր գները, կառավարությունը և Սուդանի նախագահ Օմար ալ–Բաշիրին քննադատող նշանաբաններ։
Երկրում երեք ցույց է անցկացվել. մեկը՝ մայրաքաղաք Խարթումում, երկուսը՝ տեղի համալսարաններում։ Ականատեսների վկայությամբ, համալսարաններից մեկում ոստիկանության ուժերի վրա քարեր նետող ուսանողներին ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել մահակներով։
Ձերբակալվել է ցույցերի հինգ մասնակից։
Ցույցերի մասնակիցները հայտնել են, որ ներշնչում են ստացել Թունիսի նախագահի հեռանալու պատճառ դարձած, ինչպես նաև Եգիպտոսում շարունակվող բողոքի ցույցերից։
Ցույցերի անցկացման մասին հաղորդումների հետ միասին Սուդանից ստացվել է առաջին պաշտոնական հաղորդումն այն մասին, որ Հարավային Սուդանի բնակիչները քվեարկել են Հյուսիսային Սուդանից անջատվելու օգտին։