Սուդանի նախագահը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի նա ընդունելու է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեի արդյունքները։
Այս հայտարարությամբ Օմար ալ-Բաշիրը հանդես է եկել հանրաքվեի արդյունքերը հայտարարվելուց մի քանի ժամ առաջ։
Ալ-Բաշիրն ասել է. «Այսօր մենք աշխարհին կհայտարարենք Հարավի ժողովրդի ընտրությունը հարգելու և ընդունելու մասին»։
Նա ասել է, թե «քաջատեղյակ է, որ Հարավային Սուդանի ժողովուրդը նախընտրել է առանձնանալ»։
Հանրաքվեի կազմակերպիչների համաձայն, Հարավային Սուդանում անցյալ ամիս անցկացված հանրաքվեի ընթացքում գրեթե բոլոր ձայները տրվել են Հյուսիսից առանձնանալու օգտին։
Հանրաքվեի անցկացումը նախատեսված է եղել Սուդանի հյուսիսային և հարավային մասերի միջև պատերազմն ավարտելու մասին խաղաղության պայմանագրով։