Ռուսաստանի զինուժի հաստիքացուցակը 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կավելանա 180 հազարով և ընդհանուր թիվը՝ ներառյալ քաղաքացիական անձնակազմը կկազմի 2 389 130։ Զինվորականների թիվը կհասնի մոտ 1,5 միլիոնի։ Այս թվերը ի մի են բերվել՝ հաշվի առնելով նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած և հրապարակված հրամանագիրը։
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի կառավարությունը պետք է պետբյուջեից անհրաժեշտ միջոցներ հատկացնի պաշտպանության նախարարությանը։
Երկու տարուց էլ քիչ ժամանակում ռուսական բանակի հաստիքացուցակը ընդլայնվել է գրեթե 350 հազար մարդով։
Ռուսական բանակում հաստիքացուցակի նախկին աճերը Կրեմլը բացատրում էր դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ, այնուհետեև՝ այսպես կոչված, հատուկ ռազմական գործողությամբ։ Այս անգամ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որպես պատճառ նշեց այն «սպառնալիքները, որոնք առկա են երկրի սահմանի երկայքնով»։
Ընդ որում, Կրեմլում կրկնում են՝ նոր զորահավաք անցկացնելու հարցը ընդգրկված չէ իշխանությունների օրակարգում։
Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) գնահատականի համաձայն՝ Պուտինը դեռ հակված չէ անցկացնել հերթական զորահավաք՝ երկրի ներսում դժգոհություն չառաջացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, ինստիտուտի վերլուծաբանները չեն բացառում, որ նոր զորահավաք կանցկացվի, ինչը, բնականաբար, պայմանավորված է Ուկրաինայում ռուսական բանակի ահռելի կորուստներով և նպատակով՝ շարունակել հարձակումը ուկրաինական ճակատներում:
Ըստ բրիտանական հետախուզության տվյալների՝ այս մայիսին և հունիսին Ռուսաստանի միջին օրական կորուստները ռազմաճակատում կազմել են 1,262 և 1,163 հոգի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագա ամիսներին ռազմաճակատում մարտերը չեն թուլացել և շարունակվել են, կորուստների թվի նվազման մասին խոսելն ավելորդ է։ Լրատվամիջոցների հաշվարկով՝ միայն ամռան ընթացքում Ռուսաստանի կորուստները կազմել են մոտ հարյուր հազար մարդ։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի համաձայն՝ Կրեմլը չի ցանկանում նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը, քանի որ ռազմաճակատում նախաձեռնողականության պահպանումը դիտարկում է որպես կարևոր հանգամանք։
Այդուհանդերձ, Պուտինը կփորձի հնարավորինս խուսափել լայնածավալ զորահավաք անցկացնելուց՝ կարծում է Третий сектор վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարյովը։
Նրա կարծիքով՝ պատճառը նաև այն է, որ ռուսական պետական քարոզչությունը ձգտում է ռուսաստանցիներին ներկայացնել «հատուկ ռազմական գործողությունը» որպես պատերազմի մի տեսակ, որի ժամանակ հաղթանակի կարելի է հասնել համեմատաբար քիչ արյունահեղությամբ և օտար տարածքում։
«Այն փաստը, որ նման մոտեցումը տևական ժամանակ հակասում է իրականությանը, կարծես, չի անհանգստացնում Ռուսաստանի ղեկավարությանը։ Մյուս կողմից, իշխանությունները դասեր են քաղել զորահավաքից, որը տեղի ունեցավ 2022 թվականի աշնանը և պատճառ դարձավ, որ ավելի քան մեկ միլիոն մարդ մեկնի հարևան երկրներ։ Նրանք հիշում են նաև այդ զորագավաքի հետևանքով բնակչության դժգոհության աճը։ Բնականաբար, Կրեմլը չի ցանկանում կրկին ոտք դնել փոցխի վրա»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Զոլոտարյովը։
Վերլուծաբանը հիշեցնում է՝ զորահավաքը կպահանջի նաև, այսպես կոչված, հարակից ռեսուրսներ․ «Անհրաժեշտ է նաև զինտեխնիկա, համազգեստ։ 2022 թվականի ձմռանը ռուս զինվորականները մեծ խնդիրներ ունեին տեխնիկայի հետ կապված։ Արդեն այն ժամանակ բավարար ռեսուրսներ չկային»։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով՝ այս տարի Ռուսաստանի առնվազն 36 մարզեր ավելացրել են պայմանագրային զինծառայողներին հասնող միանվագ վճարները, իսկ առնվազն 11 մարզերում նրանց վճարում են մեկ միլիոն ռուբլի (մոտ 11 հազար դոլար) կամ ավելի։
Զոլոտարյովը ընդգծեց՝ հարկ է նաև հիշել ռուսաստանյան ուսումնավարժական կենտրոնների սահմանափակ կարողությունների մասին. «Ներկայում, զորահավաքի ենթարկված անձանց մեծ մասը վերապատրաստման կարիք ունի՝ հաշվի առնելով պատերազմի լրջորեն փոխված բնույթը։ Այնպես, ինչպես 20-30 տարի առաջ մեզ սովորեցրել են կռվել, այսօր պիտանի չէ: Բայց ուսումնական կենտրոնների հնարավորություններն անսահմանափակ չեն»։
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Կրեմլն այլ ելք չունի, քան կիրառել այն մեթոդները, որ այսօր գործի մեջ են։ Օրինակ՝ անազատության վայրերից բանտարկյալների հավաքագրումը։
Ռուսաստանի պարագայում ոչինչ չի փոխվել զորահավաք իրականացնելու առումով՝ կարծիք է հայտնում Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հրավիրյալ հետազոտող Պավել Լուզինը։
«[Կրեմլին] հարկավոր է ամսական մոտ 30 հազար մարդ՝ ռազմաճակատ ուղարկելու համար։ Նույնքան էր հարկավոր 2023 թվականին, երբ բանտարկյալներին ուղարկեցին ռազմաճակատ։ Սակայն արդեն այս տարվա առաջին ամիսներին բանտարկյալների հոսքը կրճատվեց, և նույն տեմպերով բանակը համալրելն անհնար դարձավ։ Ավելացան պայմանագրային վճարները։ Գործարկվել է հետաքննության տակ գտնվող անձանց հավաքագրման մեխանիզմ։ Շարունակում են միգրանտներ հավաքագրել, փորձում են, բայց նրանցից քիչ մարդ է գալիս․ կա լեզվական խոչընդոտ»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Լուզինը:
Մյուս այլընտրանքը ռազմաճակատ ավելի շատ ժամկետային զինծառայողներ ուղարկելն է՝ շարունակեց Պավել Լուզինը. «Դա արդեն տեսնում ենք Կուրսկի մարզում, և այդ մասին խոսում են նաև իշխանությունները։ Այլապես պետք է իրականացնեն նոր զորհավաք։ Երրորդ տարբերակ գոյություն չունի»։
Վերլուծաբանը եզրափակեց՝ մոտ երկու շաբաթ անց, երբ Ռուսաստանում կմեկնարկի հերթական զորակոչը, պարզ կդառնա, թե Կրեմլը որ տարբերակն է նախընտրել։